Արդեն հաստատված ավանդույթի համաձայն՝ կաթոլիկ տոների շրջանակներում, մեքսիկացիներն այս անգամ ևս պատրաստել են հսկայական չափսերի բլիթ: 10 տոննա քաշով և 720 մետր երկարությամբ քաղցրավենիքը, որը ցուցադրվել է Մեխիկոյի կենտրոնական հրապարակում, գրավել է հազարավոր մեքսիկացիների և զբոսաշրջիկների ուշադրությունը:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Մեքսիկայի դրոշի գույներով և տարբեր չրերով պատրաստված բլիթը թխել են ավելի քան երկու հազար հրուշակագործ: Դրա համար պահանջվել է 5,4 տոննա ալյուր, 3 տոննա արևածաղկի ձեթ, 240 կգ խմորիչ, 2,6 տոննա շաքարավազ, ավանդական բաղադրատարրեր:
Հսկայական բլիթը սկզբում տեղադրել էին փողոցներից մեկում, սակայն այնտեղ չի տեղավորվել, այդ պատճառով հատկացրել են հրապարակի մի հատվածը: Դրանից հետո սկսվել է ավանդական անվճար համտեսումը` մեկ բաժակ կաթով:
Մեքսիկացի հրուշակագործները բազմիցս իրենց ձեռքբերումներն ամրագրել են Գինեսի ռեկորդների գրքում: Նրանք նույնիսկ պատրաստել էին 12 տոննա քաշով բլիթ:








































