Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ երկօրյա աշխատանքային այցով Իրան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի, տարածաշրջանային ու միջազգային հարցեր, որոնց թվում նշվում են սիրիական ու իրաքյան զարգացումները, Պաղեստինի հարցն ու Իրանի միջուկային ծրագիրը։
Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամլո ասուլիս են տվել, որի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից չէ մերձավորարևելյան տարածաշրջանի բևեռացմանը. «Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք ցանկանում են առաջացնել տարածաշրջանային «սառը պատերազմ»։ Մենք լի ենք վճռականությամբ այդ տարածաշրջանային «սառը պատերազմը» կանխելու համար։ Տարածաշրջանում կրոնական (սուննիների ու շիաների միջև) լարվածությունն ինքնասպանության նման է տարածաշրջանի համար»։
Դավութօղլուն այսօր հանդիպում է ունենալու Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջելալիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։
Նշվում է, որ իրանական այցից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Դավութօղլուն այցելելու է Ռուսաստան և ԱՄՆ, ժողովներ է կազմակերպելու ԵՄ-ի ու Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ։











































