Նույնիսկ Կառավարության հարցումները ցույց են տալիս, որ կրթության և գիտության նախարարությունը ամենակոռումպացվածն է: Թե ինչ են մտածում և ձեռնարկում այս ուղղությամբ Հայաստանի պետական համալսարանները, մամլո ասուլիսի ժամանակ փորձեցին ասել ԵՊՏՀ և ԵՊԱՀ ներկայացուցիչները: ԵՊԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը կարծում է. «Կոռուպցիան տեղակայված չէ որևէ կոնկրետ վայրում միայն, և չի կարելի միանգամից արմատախիլ անել»: Ըստ ռեկտորի՝ որդեգրած ռոտացիոն համակարգը, որը մրցակցություն է ստեղծում ուսանողների միջև, նպաստում է կոռուպցիայի նվազմանը: «Այս տարի արդեն 119 ուսանող է հեռացվել համալսարանից ոչ բավարար ցուցանիշներ ունենալու պատճառով: Սա էլ պայքարի ձև է»,- կարծում է նա: ԵՊՀՏ պրոռեկտոր Վարդան Սարգսյանը ներկայացնում է իրենց պայքարի մեխանիզմը. «Այժմ բանավոր քննություններ, որ պարարտ հող են կոռուպցիայի համար, այլևս չկան մեր համալսարանում. սա թելադրում են բոլոնյան սկզբունքները: Բացի այդ, մենք ամեն տարի զգալի չափով բարձրացնում ենք դասախոսների աշխատավարձը: Այժմ միջին աշխատավարձը կազմում է 300,000 դրամ»: Նրանց միանում է նաև ԵՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը և հույսեր է կապում արդեն չորս տարի Հայաստանում գործող կրեդիտային համակարգի լավ ազդեցության հետ: