РИА Новости-ի փոխանցմամբ՝ Չինաստանն այսօր քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ համագործակցող ֆինանսական ինստիտուտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հուն Լեյը։
Վերջինիս խոսքերով՝ Չինաստանը դեմ է, որ ազգային օրենսդրությունը վեր է դասվում միջազգային իրավունքի նորմերից, ինչպես նաև դեմ է այլ երկրի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանմանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր 2012 թվականի ֆինանսական տարում Պենտագոնի բյուջեի օրինագծում ուղղումներ անելը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը իրավասու է պատժամիջոցներ սահմանել այն օտար ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի Կենտրոնական բանկի հետ։











































