Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ծխողների 80%-ն ապրում են եկամտի ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներում, որտեղ առավել խոցելի խմբերն են երեխաներն ու երիտասարդները: Ըստ նույն տվյալների` զարգացած երկրներում արդյունավետ հակածխախոտային քարոզարշավի արդյունքում զգալիորեն նվազել է ծխախոտային արդյունաբերության շահութաբերությունը, մինչդեռ զարգացող երկրներում այն աճում է: Այս երևույթը, թերևս, պայմանավորված է ծխախոտային արդյունաբերության կողմից աշխատատեղերի ապահովման, զբաղվածության, սոցիալական խնդիրների մեղմման ուղղությամբ իրականացվող քայլերով:
Հաշվի առնելով, որ Հայաստանը տակավին զարգացած երկիր չէ, իսկ ըստ փորձագիտական գնահատականների՝ 1996 թվականի համեմատ ծխախոտի սպառումը մեր երկրում բազմապատկվել է, հետևաբար դժվար չէ եզրակացնել, թե ինչպիսի կորուստներ է կրում մեր հասարակությունն այսօր թե՛ աշխատանքային ռեսուրսի նվազման, թե՛ տնտեսական լրացուցիչ ծախսերի աճի, թե՛ տնտեսության զարգացման տեմպերի անկման առումով:








































