Այս տարի հերթական առճակատումների, բախումների և ընտրակեղծիքների տարի է լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց «Ասպարեզ» ակումբի հիմնադիր նախագահ Լևոն Բարսեղյանը`ամփոփելով տարին և հայացք նետելով գալիք տարվան:
Նրա համոզմամբ` իշխանությունը այս տարի նույնպես շարունակելու է կեղծել ընտրությունների արդյունքները: «Չեմ կարծում, թե այդ նույն պաշտոնյաները և իշխանավորները հաջորդ տարի սուրբ են դառնալու և խուսափելու են կեղծիքներից: Ո՛չ, իրենք շարունակելու են իրենց կեղծիքները, և շարունակվելու է իշխանության բռնազավթումը»,- նշեց Լ. Բարսեղյանը:
Նրա համար նախորդ տարվա մեծագույն ձեռքբերումներն են. «Թռչկանի ջրվեժի կռվում բնապահպանների հաղթանակը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, շախմատի տղամարդկանց հավաքականի հաղթանակը աշխարհի առաջնությունում, բանակում կատարված սպանությունների դեմ քաղաքացիական շարժումը և իշխանությունների հիստերիան այդ իմաստով: Շառլ Ազնավուրի երկու հայտարարությունները ևս շատ կարևոր էին»:
Լևոն Բարսեղյանը մաղթեց, որ նոր տարին լինի ինքնության և սեփական իրավունքների ու ազատությունների գիտակցության տարի: «Շատ մեծ ջանքեր են պետք դրանց հասնելու համար, ես ինքս ամեն ինչ անելու եմ, որպեսզի մարդիկ լինեն երկրի տերը, ոչ թե մի քանի հոգի լինեն մարդկանց տերը: Ամրություն եմ մաղթում, անհանդուրժողականություն. հերիք եղավ հանդուրժենք այն ամենը, ինչ սարքոում են մեր գլխին»,- ասաց նա:









































