Պետք է արդարացիորեն նշել, որ 2011-ը Հայաստանի համար այնքան էլ վատ տարի չէր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Նախ, ներքաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի դրական զարգացում` ի դեմս իշխանության և ընդդիմության միջև ծավալված երկխոսության: Դրա նախաձեռնողն իշխանությունն էր: Թեպետ երկխոսությունը որևէ շոշափելի արդյունք չտվեց, անհասկանալի պատճառներով ընդհատվեց, այնուամենայնիվ քաղաքական կյանքում դա նոր քայլ էր: Քաղաքական տարբեր բևեռներում գտնվող թիմերը, այս դեպքում` իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը երկխոսության միջոցով փորձեցին մեղմացնել քաղաքական դաշտի երանգները»,- նկատեց պատգամավորը:
Անդրադառնալով 2011-ին իշխանությունների վարած արտաքին քաղաքական վեկտորին` Սահակյանը փաստեց, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը` որպես տարածաշրջանային երկիր, դարձել է գործոն և միանշանակորեն թելադրում է իր խոսքը, ոճն ու տեսակը: «Առաջնային, ամենակարևոր ուղղություններն այս տարի երկուսն էին` ղարաբաղյան հակամարտության լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը, որոնցից վերջինի նախաձեռնողն իշխանություններն էին: Երկու պարագայում էլ, կարող եմ ասել, որ եթե անգամ միջազգային հանրությունը չտվեց իր գնահատականը, առնվազն Հայաստանին ճանաչեց որպես երկիր, որի հետ կարելի է քայլել, պայմանավորվել, և որի հետ պետք է հաշվի նստել: Մեր ակնկալած արդյունքը բավարար էր, և մեր գնահատականն իհարկե դրական է»,- ասաց պատգամավորը:










































