Բրիտանական հայտնի The Economist ամսագրում տպագրվել է «Դավութօղլուի ազդեցությունը» (The Davutoglu effect) վերտառությամբ մի հոդված, որը մասնակիորեն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը
Մի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավականին հեշտ ընկալելի էր: Այն ժամանակվանից ի վեր, երբ Աթաթուրքը, սուլթանին քշելով, երկիրը մտցրեց ժամանակակից աշխարհ, կիրառության մեջ դրեց լատինական այբուբենը եւ փլուզեց մուսուլմանական խալիֆաթը, Թուրքիան հենվում էր Արեւմուտքի վրա: Երկրորդ համաշխարհայինից հետո` 1952թ., Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Արեւմուտքի հետ պայքարեց Խորհրդային Միության դեմ եւ ցանկացավ միանալ եվրոպական ծրագրերին: Ինչպես եւ Միացյալ Նահանգները, Թուրքիան նույնպես հետեւողական իսրայելամետ քաղաքականություն էր վարում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ամենը փոխվեց: Վատ շրջապատի եւ ընկերների բացակայության համար տրտնջալու փոխարեն` Թուրքիան այժմ վարում է «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը: Նա այլեւս չի մեղադրում Հայաստանին` 1915թ. Ցեղասպանության պնդումների համար կամ արաբական աշխարհին` 1917-1918թթ. բրիտանական աջակցությամբ թիկունքից հարվածելու համար: Դրա փոխարեն նա նոր ընկերներ է ձեռք բերում տարածաշրջանում` առաջարկելով առեւտուր անել, տրամադրել օգնություն եւ առանց մուտքի արտոնագրերի կարգ: Իսկ Իսրայելի հարցում, ռազմական եւ դիվանագիտական աջակցության փոխարեն, վերածվել է նրա ամենամեծ քննադատի:
Այս մեծ տեղաշարժերի ճարտարապետը Ահմեդ Դավութօղլուն է, որը 2009թվականից զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետ Էրդողանի խորհրդականի պաշտոնը: 2001թ.` մինչեւ Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալը, նա հրապարակեց «Ռազմավարական խորություն» գիրքը, ուր ներկայացրեց տարածաշրջանի հետ համագործակցության նոր քաղաքականությունը: Նա հերքում է այն մեղադրանքները, որ «նեոօսմանականության» գաղափարախոսության կրող է, սակայն նրա հայեցակարգը ենթադրում է նախկին Օսմանական կայսրության մեջ մտնող երկրների հետ հարաբերությունների բարելավում:
Դավութօղլուն աչքի է ընկնում պատմության լավ իմացությամբ: Նա կարծում է, որ Թուրքիան սխալ է գործել, երբ անտեսել է իր մեջքի հետևում գտնվողներին, բայց համոզված է, որ տարածաշրջանում եւ աշխարհում սեփական շահերի պաշտպանության նոր ռազմավարությունն ավելի հրապուրիչ է դարձնում իր երկիրը Արեւմուտքի համար: Նրան ոչ մի բան այդքան չի նյարդայնացնում, որքան արեւմտյան պարբերականներում հայտնվող այն հոդվածները, որոնք պնդում են, թե Թուրքիան թեքվել է դեպի արեւելք, եւ «մենք կորցրինք Թուրքիան»: Նա հարցնում է, «իսկ ո՞վ ենք մենք»: Վերջիվերջո, Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն Ամերիկայից հետո, հանձնառություն է ստանձնել Աֆղանստանում եւ այլ թեժ կետերում, ինչպես նաեւ բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության համար: Դավութօղլուի խոսքերով, «Թուրքիան խնդիր չէ, Թուրքիան ակտոր է»: Իր երկիրն այժմ Եվրոպայում եւ Արեւմուտքում ավելի մեծ դերակատարություն ունի, քան երբեւէ:
Իհարկե, Դավութօղլուի նոր քաղաքականությունն իր օգուտները բերում է: Իրաքի հետ, օրինակ, Թուրքիան սերտ առեւտրային եւ դիվանագիտական հարաբերություններ ունի: Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջանները ժամանակին մեծ խնդիր էին նրա համար, բայց հիմա Թուրքիան մեծ դեր է խաղում այս շրջաններում` շահելով եւ՛ համագործակցությունից, եւ՛ ՔԱԿ-ի դեմ պայքարից: Երկար տարիներ շարունակ Արեւմուտքի համար խնդիր հանդիսացող Սիրիայի հետ հարաբերությունները ծաղկուն են, քան երբեւէ: Թուրքիան նույնիսկ ձգտել է ավելի սերտ դիավանագիտական հարաբերություններ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ` առաջացնելով Միացյալ Նահանգների զայրույթը:
Թուրքիան կրկին ակտիվ է իր նախկին տարածքներում` Բալկաններում, հատկապես` Բոսնիայում և Կոսովոյում: Թուրք-հունական հարաբերությունները սկսել էին բարելավվել դեռ AKP-ի իշխանության գալուց առաջ, իշխանության գալուց հետո էլ այդ հարաբերությունները ներդաշնակ են, թեպետ Կիպրոսի խնդիրը շարունակում է լարվածություն առաջացնել: Թուրքիան ակտիվ է նաեւ Աֆրիկայում եւ նախատեսում է այստեղ բացել 12 նոր դեսպանատուն:
Թուրքերը նույնիսկ փորձ արեցին մասնակի հաշտեցման գնալ Հայաստանի հետ, գործընթացը սկսվեց, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնեց Երեւան` ներկա գտնվելու ֆուտբոլային հանդիպմանը: Այցից հետո երկու երկրները ստորագրեցին երկկողմ արձանագրություններ` հարաբերությունները բարելավելու և սահմանը բացելու վերաբերյալ, որը փակվել էր Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ժամանակ: Բայց Էրդողանի շնորհիվ, որն արձանագրությունները կապեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հետ, արձանագրությունները դեռ չեն վավերացվել:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք ամսագրի կայքում` http://www.economist.com հասցեով:









































