Այսօր տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Գյումրի քաղաքի 26 և 01 փոտային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Նորացված փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության և ազդանշանային համակարգերով, տեսագրող սարքավորումներով: Բաժանմունքներում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն:
Ամբողջովին նորոգված և նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները համարժեք են մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներին ինչպես ծառայությունների, այնպես էլ սպասարկման որակի մակարդակով:
Այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
«Հայփոստ» ՓԲԸ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոր ենթակառույցների կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Գյումրիի բնակիչներին:








































