ՀՀ կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում այսօր կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նպատակներն ու խնդիրները։ Ակնկալվում է, որ որոշումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ ու լիարժեք դարձնել կառույցի գործունեությունը։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով նախատեսված գումարը որպես սուբսիդիա տրամադրել «Կոտայքի բերրիություն» ԲԲԸ-ին, որը և կիրականացնի նշված ծրագիրը։
ՀՀ կառավարությունը փոփոխել է 2011 թ. պետբյուջեի և իր նախորդ որոշումներից մեկի ցուցանիշները։ ԱԱՀ վերադարձի համար նախատեսված գումարն ավելացվել է 2 մլրդ 300 մլն դրամով, ինչը պայմանավորված է նախատեսվածից ավելի արտահանում կատարելու և մեծ գերավճար չկուտակելու հանգամանքով։ Ուրախությամբ նշելով նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալի ավելացումը, Տիգրան Սարգսյանը շեշտել է ԱԱՀ վերադարձի հետ կապված հատկացումների ավելացման անհրաժեշտությունը։ «Ծրագրային ցուցանիշը գերակատարվել է, շուրջ 32 տոկոսով աճել է արտահանման ծավալը», – ասել է վարչապետը։
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնել ավելի քան 590 մլն դրամով` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ։ Այդ միջոցով կապահովվի ՀՀ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման աշխատանքի շարունակելիությունը։










































