Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պաշտոնը ստանձնելուց հետո տված առաջին մամուլի ասուլիսին Ռուսաստանն անվանել է իր հիմնական ռազմավարական գործընկերը, չնայած այն բանին, որ նախորդ նախագահի օրոք երկու երկրների միջև հարաբերությունները վատացել էին, իսկ Ռուսաստանը արդեն 4-րդ տարին է՝ չի վճարում ռազմական օբյեկտների վարձակալության գումարը:
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվել է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք վատացել էին նախորդ իշխանությունների օրոք»,- հայտարարել է նա՝ ընդգծելով այն մեծ աջակցությունը, որ իրենց ցուցաբերել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Ղրղըզստանի տարածքում տեղակայված են Ռուսաստանի 4 ռազմական օբյեկտներ, ինչպես նաև ՀԱՊԿ ավիաբազան` Կանտ քաղաքում: «2007թ.-ից Ռուսաստանը ոչինչ չի վճարել Ղրղըզստանին իր ռազմական օբյեկտների վարձակալության դիմաց: Դմիտրի Անատոլևիչը, լսելով դա, իմ ներկայությամբ խնդրել է պաշտպանության նախարարին կարգավորել այդ իրավիճակը»,- ասել է Ատամբաևը:
Մյուս կողմից` Ատամբաևը հերթական անգամ հիշեցրել է, որ քաղաքացիական օդանավակայանի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան դուրս կհանվի: