Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն անցնող տարում Էկոնոմիկայի նախարարության աշխատանքը «բարձր» գնահատեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գ. Մակարյանը նշեց, որ նախարարությունն այսօր շատ ներդաշնակ, լավ վարչություններով ու վարչության պետերով, համեմատաբար փոքր աշխատակազմով լավ աշխատանք է անում:
Գ. Մակարյանի կարծիքով՝ նախարարությունը մի քանի ամիս աշխատում է տեսչական բարեփոխումների վրա, որը շատ կոնֆլիկտային ոլորտ է, երկրորդը օրենսդրականն է`գործարար միջավայրի բարեփոխումները, որը եվրոպական փորձի վրա արվում է, էական հաջողություն կա «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակումով հստակ կողմնորոշում եղավ՝ դեմքով դեպի արդյունաբերությունը:
Գ. Մակարյանը նշեց, որ տարիներ առաջ նախարարությանը տրված էր որոշակի համակարգող դեր, իսկ այսօր Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է որպես լիարժեք նախարարություն հանդես գալ. «Այսինքն՝ ըմբռնել է իր դերը»:
Միության նախագահի խոսքով, ուշադրություն է դարձվում ՓՄՁ-ներին և փորձ է արվում ուժեղացնել այդ ուղղությունը, մշակվել է ՓՄՁ զարգացման նոր ռազմավարությունը:
Որպես խնդիր նա նշեց լավ մասնագետներին պահելը, քանի որ պետական աշխատավարձերը բավարար չեն, և հաճախ մասնագետները հեռանում են. «Մենք չենք կարող հարգել, եթե ինքը չի կարողանում լավ մասնագետ պահել: Դեռևս որոշ վարչություններում կա հին մտածելակերպի խնդիր, սոցիալական գործընկերների հետ քննարկումները քիչ են և այլն: Նախարարությունն ավելի համարձակ պետք է դրսևորի իր դիրքորոշումը»,- շեշտեց Գ. Մակարյանը:










































