Չնայած Քրիստափոր Կոլումբոսն անընդհատ բարձր գնահատանքի է արժանանում Ամերիկան հայտնաբերելու համար, նրա հեղինակությունը բավականին վնասներ կրեց այն բանից հետո, երբ գիտնականները նրան մեղադրեցին սիֆիլիս հիվանդությունը Եվրոպա բերելու մեջ:
Mail Online-ը գրում է, որ այնուհետ մի քանի զեկույցներ հանել են նրա վրայից այդ մեղադրանքը` հայտնելով, որ մինչ նրա վերադարձը սիֆիլիսն արդեն իսկ լայն տարածում ուներ Իսպանիայում:
Այժմ, սակայն, Էմորի համալսարանի գիտնական Ջորջ Արմելագոսը, Միսիսիպիի պետական համալսարանի գիտնական Մոլի Յուկերմանը և Կոլումբիայի համալսարանից Քրիսթին Հարփերն ապացուցել են, որ սիֆիլիսի առկայության ամենաառաջին տվյալները Եվրոպայում հայտնվել են Կոլումբոսի վերադարձից հետո:
Սիֆիլիսով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է 1495 թվականին, որից երեք տարի առաջ Կոլումբոսն արդեն այցելել էր Նոր աշխարհ:
Գիտնականները, ուսումնասիրելով մարդկային կմախքները, որոնք հայտնաբերվել են Եվրոպայում և պատկանում են նախակոլումբոսյան ժամանակաշրջանին, պարզել են, որ այդ հիվանդության ոչ մի դեպք Եվրոպայում մինչ այդ չի գրանցվել: