Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Հեֆերնը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հայ ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում հայերեն է խոսել:
«Բարև ձեզ, Ամերիկայի ժողովրդի անունից իմ լավագույն մաղթանքները հայ ժողովրդին այս գեղեցիկ տոների առթիվ», – «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեսաուղերձում ասել է դեսպանը:
Ջոն Հեֆերնի հղած շնորհավորանքներին միացել է նաև դեսպանի կինը` Լիբի Հեֆերնը:
«Ես և իմ կինը` Լիբին, ապրում ենք Հայաստանում արդեն 3 ամիս: Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին ջերմ հյուրընկալության համար:
Մենք հիացած ենք Հայաստանի բնական և պատմական արժեքներով»,- ասել է դեսպանը:
ԱՄՆ-ի դեսպանն իր ամանորյա ելույթում նշել է, որ 2012 թվականին լրանում է Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև պաշտոնական հարաբերությունների ու գործընկերության 20 տարին` շեշտելով երկու երկրների երկկողմ հարաբերությունների կարևորությունը:
«Մեր ընդհանուր նպատակը խաղաղությունն է, բարեկեցությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը Հայաստանում և տարածաշրջանում»,- ասել է դեսպանը:
Ամփոփելով իր կարճ տեսաուղերձը` Ջոն Հեֆերնը փոխանցել է նաև Ամերիկայի ժողովրդի մաղթանքները հայաստանցիներին. «Ամերիկայի ժողովրդի և դեսպանության անունից մեր լավագույն մաղթանքները Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ»:











































