Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն արագ զարգանան: Այդ առումով 2011թ. բեկումնային տարի էր: Մենք կարողացանք գերակատարել մեր Ազգային ծրագրի ցուցանիշները»,- նշել է վարչապետը:
Դեսպան Հրիսթեան ասել է, որ գալիք տարին լինելու է հագեցած և նշել, որ ԵՄ-ն հետաքրքված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Զրուցակիցներն անդրադարձել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, անցագրային ռեժիմի դյուրացման խնդիրներին, ինչպես նաև մաքսային անցակետերի արդիականացման հարցին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:










































