«Մենք հայ ժողովրդի թշնամին չենք և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովրդին չենք համարում մեր թշնամին»,- դեկտեմբերի 10-ին նման հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում ապրող էթնիկ խմբերի` թալիշների, լեզգիների և ավարների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այդ հայտարարությունը և դրան հաջորդած զարգացումները այսօր լրագրողներին ներկայացրեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա տեղեկացրեց, որ հայտարարությունում էթնիկ խմբերի ղեկավարները նաև նշել են` եթե իրենք այդ դրույթը պնդեն և իրականություն դարձնեն, այդ կերպ կկանխեն նաև պատերազմի հավանականությունը, քանզի ադրբեջանցիներն ինքնուրույն երբեք չեն համարձակվի պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Ավելին, այս կազմակերպությունների ղեկավարները կոչ են արել իրենց համայնքի երիտասարդներին չծառայել ադրբեջանական բանակում` գտնվելով ղարաբաղյան սահմանին:
Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ այս հայտարարությունից հետո էթնիկ միավորների ղեկավարներին ադրբեջանական իշխանությունները սպառնացել են, ավելին` եղել են նաև ձերբակալություններ:
Նա նշեց, որ ՀՀ արտգործնախարարությունը պետք է մեծապես ուշադրություն դարձնի այդ հանգամանքին և սկսի աշխատել այդ կազմակերպությունների հետ, և եթե մինչև այժմ այդ կազմակերպությունների հետ չեն համագործակցել, դա, ըստ քաղաքագետի, հայաստանյան դիվանագիտության թերացումն է: Նա տեղեկացրեց, որ ինքն արդեն այս դեպքերի մասին հոդված է պատրաստել ու այն ուղարկել Հայաստանի ԱԳՆ, սակայն դեռևս արձագանք չի ստացել:
«Ադրբեջանն այսօր իսկապես ապրում է ծանր օրեր, քանի որ անհայտ է, թե ինչի կարող է հանգել այս շարժումը: Մեր նպատակն է վերականգնել Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների հետ մտերմիկ հարաբերությունները, քանզի դա է այսօր ճիշտ ճանապարհը»:









































