Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր Ընտրական օրենսգիրքը՝ քվեարկելով նաև Սահմանադրությունում ուղղումներ անելու օգտին։
Նոր ուղղումների համաձայն՝ այսուհետ Վրաստանի խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն է համարվում ոչ թե 2/3-ը, այլ՝ 3/4-ը։ Փոփոխության է ենթարկվել նաև պատգամավորական մանդատների հարցը. հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների քանակը 75-ից նվազեցվելու է 73-ի, իսկ համամասնական կարգով ընտրվածների քանակը 75-ից հասցվելու է 77-ի։
Նոր ընտրական օրենսգիրքն ընդունվել է 3-րդ ընթերցմամբ, դրա օգտին են քվեարկել 111 պատգամավորներ, դեմ՝ 2-ը։ Ըստ դրա՝ ընտրատեղամասերում դիտորդներն իրավունք ունեն պահանջել ֆոտո և տեսանկարահանման իրավունք՝ չխանգարելով ընտրական գործընթացին։ Ոչ ծանր հանցագործություններ իրականացրած անձինք հնարավորություն են ստացել մասնակցելու ընտրական քվեարկությանը։
Բացի այդ, նոր Ընտրական օրենսգրքով՝ Վրաստանի նախագահ կարող է դառնալ 35 տարին բոլորած Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը 5 տարի բնակվել է Վրաստանում՝ ներառյալ վերջին 3 տարիները։ Հին օրենսգրքով՝ բնակության ժամկետը կազմում էր 15 տարի։
Փոփոխությունն առնչվել է նաև պատգամավորներին. պատգամավոր կարող է դառնալ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը 5 տարի բնակվել է երկրում՝ ներառյալ ընտրություններին նախորդող երկու տարիները։ Հին օրենսգրքով՝ բնակության ժամկետը կազմում էր 10 տարի։
Նոր ընտրական օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2012 թվականի հունվարի 1-ից։









































