2011թ. արտացոլում էր երկրի զարգացման պատկերը: Կային և ձախողումներ: Lույս տեսան տասնյակ գրքեր: Դեկտեմբերը դարձավ մրցանակային ամիս: Մեծ աշխուժություն էր տիրում գրական դաշտում: Այս տարի ամփոփվել են 2011թ. ՀԳՄ նախագահության 2011թ. «Տարվա լավագույն գիրք» մրցանակները: Արձակ անվանակարգում մրցանակի է արժանացել Աշոտ Ավետիսյանի «Մենավորի աստղը» ստեղծագործությունը, պոեզիայում` Խաչիկ Մանուկյանի «Էն աշխարհը չի», hրապարակախոսություն անվանակարգում` Մարգո Ղուկասյանի «Անվերնագիր. 1915», դրամատուրգիայում` Կարինե Խոդիկյանի «Իմ դասականները» գիրքը: Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նա հայտնեց նաև, որ այս տարի գրականության և հրապարակախոսության ոլորտում բանաստեղծ, ներկայում Իսրայելում բուժվող Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես. ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուն արժանացել է 2011թ. ՀՀ պետական մրցանակի: Ի դեպ, նա հենց ասուլիսի ընթացքում զանգահարեց Իսրայելում գտնվող բանաստեղծին` ներկա գտնվողների անունից մաղթելով շուտափույթ առողջություն:
«Բանաստեղծին սատարելու շարժումն աննախադեպ էր: Բավական լավ արդյունքներ են գրանցվել: Հույս ունենք, որ հունվարի քսաներկուսին նա առողջացած կվերադառնա»,- համոզմունք հայտնեց Լ. Անանյանը:
Նա հայտնեց նաև, որ ամփոփվել է «Հրանտ ու Մանուշակ Սիմոնյան» մրցանակաբաշխությունը, որն ուղղված է մարզային գրողներին: Այս անվանակարգում մրցանակ է շնորհվել չորս գրողի: Մրցանակներ են ստացել Թաթուլ Բոլորչյանը` «Ուխտավորը», Կառլոս Եղիազարյանը` «Շարժվող բեկոր», Ռաֆայել Սահակյանը` «Երկիրը տեսա հորս աչքերով», Սամվել Բեգլարյանը` «Անձյուն ձմեռ» ստեղծագործությունների համար:
«Անցած տարին բավական հագեցած էր»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանի գրողների միությունը մասնակցում է Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառումներին: Հայաստանի գրողների միությունը հաջորդ տարվա համար մշակել է ՀԳՄ նոր կանոնադրություն` հարմարեցնելով ժամանակի իրողություններին: «2012-ին կփորձենք աշխուժացնել գրական կյանքը մարզերում»,- հայտնեց Լ. Անանյանը:








































