«Փարիզյան սուրճ»-ի արդեն նախկին սեփականատեր, ֆրանսահայ Վալերի-Աշխեն Գործունյանը վաղը հեռանալու է Հայաստանից: Ինքնաթիռի տոմսերը, ինչպես երեկ «ՀԺ»-ին է հայտնել ինքը, արդեն գնել Է:
«Կվերադառնամ հունվարի վերջին երևի, քանի որ գործերս չեմ վերջացրել, սրճարանի վաճառքի գործարքն էլ կավարտեմ և մեկընդմիշտ կհեռանամ Հայաստանից: Իշխանությունն ամեն ինչ արեց, որ հեռանամ՝ վերջնական: Ես որոշել եմ հեռանալ»,- ասել է գործարարը: Երեկ նա պատասխանել Է «ՀԺ»-ի հարցերին:
-Տիկին Աշխեն, երեկ մեզ հետ զրույցում ասում էիք, որ այս իշխանությունները երկիրը, տնտեսությունը սպանում են, ինչպե՞ս են սպանում:
-Իրենք սպանում են տնտեսությունը իրենց հարկային ճնշումներով, իրենց հարկադիր կատարողական ծառայության միջոցներով, ոչ արդար մրցակցությամբ: Իրենք խեղդում և ճնշում են նրանց, ովքեր իրենց նման չեն կարող աշխատել կամ համաձայն չեն այդպես աշխատել:
-Կոնկրետ ձեզնից ինչպե՞ս են պահանջել, որ աշխատեք:
-Գիտեք, եթե դու այստեղ օլիգարխ չլինես, իրենց կաշառքի ձևերի մեջ չմտնես կամ չենթարկվես իրենց, արդեն խանգարում են քեզ: Բիզնեսի ոլորտը Հայաստանում առողջ չէ: ինձ թվում է` միայն ես չեմ այդպես ասում:
-«Ռոյալ Արմենիայի» սեփականատերն էլ էր ասել, որ իրենից կաշառք են պահանջում, մոտավորապես նման պատմությո՞ւն է:
-Ես «Ռոյալ Արմենիայի» խնդիրները չգիտեմ, հիշում եմ, որ իրենք մեծ խնդիրներ ունեին հարկայինի հետ, բայց չեմ հիշում` ինչ պատճառներով: Իսկ իմ պատմությունը շատ ավելի պարզ է: Տեսեք` եկան, ակտ գրեցին «Փարիզյան սուրճի» վրա, և «Փարիզյան սուրճը» պարտավորվեց վճարել այդ գումարը: Ես գնացի նախագահի վերահսկողական ծառայության պետի մոտ` պարոն Հովսեփյանի: Անձամբ գնացի այդ պարոնին տեսնելու, որպեսզի խնդրեմ` ինձ ժամանակացույց տան, որ վճարեմ այդ խոշոր գումարը: Այդ պարոնն ինձ ընդունեց և ասաց՝ դուք ոչ մի բան մի արեք, հիմա մի գնացեք հարկային, որ ստորագրեք, ես ձեզ կտեղեկացնեմ, թե դուք ինչ պետք է անեք: Ու ես միամիտ-միամիտ, հավատալով այդ պարոնին, սպասեցի, որ ինձ պետք Է ասեն՝ ինչ պետք է անեմ:
Այդ պարոնը երբեք ինձ չզանգեց: Մինչև այսօր սպասում եմ, որ այդ պարոնը ինձ զանգի, ու ստիպված վճարեցի այդ գումարը` վաճառելով «Փարիզյան սուրճ»-ի մի մասը, որովհետև այդ գումարը չունեի: Դուք գտնում եք, որ դա նորմա՞լ է: Չէ, նորմալ չէ: Որևէ նորմալ երկրի մեջ հարկատուն եթե խնդիր ունի, փորձում են մի ձև գտնել, որ ոչ պետությանը վնաս լինի, ոչ էլ հարկատուին: Իսկ այստեղ նման մոտեցում չկա, դժբախտաբար:
Ձեր կարծիքով, Հայաստանի տնտեսական վիճակն այսօր ինչպիսի՞ն Է, ինչպե՞ս եք գնահատում այդ վիճակը:
-Իբրև գործարար գտնում եմ, որ վիճակը շատ ծանր Է: 16 տարի Հայաստանում եմ և, վաճառելով սուրճը` կարող եմ ասել, որ միայն անցյալ տարվա համեմատ մոտ 40 տոկոսով իջել Է վաճառքը, որովհետև ժողովուրդ չկա, սպառող չկա այլևս, շուկան շատ փոքրացել Է Հայաստանում: Անշուշտ, համաշխարհային ճգնաժամ կա, բայց Հայաստանում այդ ճգնաժամը զգացվում է շատ ուժեղ:
-Համաշխարհային ճգնաժամ, այո, կա, բայց հնարավո՞ր էր այնպես անել, որ նման սուր կերպով այստեղ չդրսևորվեր, այդ աստիճան վատ չլիներ Հայաստանում:
-Հաստատ կարելի Էր անել, բայց ե՛ս եմ տեսնում, որ Հայաստանում ժողովուրդը պակասում է ամեն օր: Դու անզեն աչքով Էլ տեսնում ես, որ ժողովուրդը պակասում Է: Եվ շատ մտահոգիչ Է, շատ, որովհետև ժողովուրդը հույս չունի այստեղ աշխատանք գտնել, երիտասարդությունը ապագա չի տեսնում Հայաստանում, ու ամեն օր լքում են Հայաստանը:
-Իսկ ի՞նչ Է պետք փոխել կամ այս իշխանությունը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել:
-Չգիտեմ` այս իշխանությունը ինչ կարող Է փոխել, ես գիտեմ, որ պետք Է արմատական փոփոխություններ լինեն, որովհետև Հայաստանը լուրջ խնդիրներ ունի, խնդիրներ ունի նաև իր հարևանների հետ, չի կարող ցամաքային ճանապարհով իր արտադրանքը տանել Հայաստանից մինչև Եվրոպա: Հայաստանի նման երկիրը պետք Է այնպիսի պայմաններ ստեղծի բիզնես ոլորտում, որ ներդրողները ցանկանան գալ, այսինքն՝ որպեսզի ցանկանան գալ, պետք Է շատ հետաքրքիր պայմաններ ստեղծեն, որ դրսից գան, այստեղ ներդրումներ անեն, աշխատատեղեր ստեղծեն, որ ժողովուրդը չլքի Հայաստանը:
Բայց պետությունը ի՞նչ Է անում դրա համար, բացի ասելուց՝ եկեք, Հայաստանում ներդրեք: Իսկ եկողներին իրենք ի՞նչ են անում, որ մյուսները գան: Ես վրդովված չեմ, հանգիստ եմ խոսում, որովհետև իմ որոշումն արդեն կայացրել եմ, հասկանո՞ւմ եք, ես ուղղակի ցավում եմ, որովհետև Հայաստանը կարող Էր լինել ուրիշ ձևի և ուրիշ տնտեսություն ունեցող երկիր: Կարծում եմ` ռադիկալ փոփոխություններ են պետք, ռադիկա՛լ, արմատական:
-Օբյեկտիվորեն եթե նայենք, կարո՞ղ էր գործող իշխանությունն այս ընթացքում նման փոփոխություններ անել, կամ այս իշխանությունն ի վիճակի՞ է դա անել ու կանի՞ արդյոք:
-Ես քաղաքական մարդ չեմ. Ես չգիտեմ, թե ինչքան ժամանակով քաղաքական մարդիկ կարող են փոխել իրենց հասարակությունը և իրենց օրենքները, բայց ես համոզված եմ, որ եթե կա քաղաքական կամք, ամե ինչ կարող ես փոխել երկրում և շուտ փոխել: Ինձ թվում Է, իրենց ձեռնտու չէ այսօր բան փոխել, թե ինչ պատճառներով՝ ես չեմ հասկանում: Չեմ հասկանում՝ ինչու է ամեն ինչ արվում, որ այս երկրից բոլոր մարդիկ գնան: Վստահ եմ, որ եթե մի քանի քաղաքական գործիչներ լինեն, որոնք մտածեն, որ պիտի աշխատեն և պիտի օգտակար լինեն ժողովրդին, կարող է շատ արագ փոխվել երկրի վիճակը: Ուղղակի այդ կամքը չկա: Ես չեմ տեսնում այդ կամքը այսօր, դժբախտաբար:
-Սերժ Սարգսյանը և վարչապետը պարբերաբար համոզում են դրսի ներդրողներին, որ գան Հայաստան, այստեղ ներդրումներ անեն, դուք, որպես փորձ ունեցող մարդ, կարո՞ղ եք ասել, ներդրումների համար Հայաստանում բարենպաստ պայմաններ կա՞ն:
-Բացարձակապե՛ս, ոչ: Ես եթե լինեի Վալերի Գործունյանը այսօր և եթե ուզեի գալ Հայաստանում ներդրումներ անելու, նախևառաջ՝ չէի գա, իսկ եթե գայի, այնպիսի զգուշությամբ կգայի և այնպիսի լուրջ երաշխիքներ ստանալով, պետական մարմիններից ստորագրություններ վերցնելով, տասն անգամ մտածելով, չգիտեմ քանի իրավաբան ունենալով, մի քանի հաշվապահական ֆիրմաներ ունենալով, նոր երևի կներդնեի Հայաստանում: Չլինի, պետք չէ գալ, որովհետև Հայաստանում ես, օրինակ, անձամբ ոչինչ չեմ շահել, միայն փող եմ կորցրել: Եվ այսօր, քանի որ ես Քըրք Քըրքորյանը չեմ, չունեմ այդ փողերը, ստիպված գնում եմ Հայաստանից: Այսինքն, 16 տարվա մեջ ես այսօր պետք է որ լինեի չեմ ասում՝ հարուստ, բայց իմ ունեցվածքը և իմ ֆիրմաները պետք է ապահովված լինեին: Գոնե ապրեին և մի քիչ փող շահեին: Բայց ես ոչինչ չունեմ, իրականությունն եմ ասում, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզում լալ կամ որ մեկը խղճա ինձ, ես չեմ սիրում դա, բայց ես շատ բան վաճառեցի, որ պահեմ իմ հիմնարկները և իմ կարողությունը Հայաստանում, այսինքն` իմ ունեցվածքից շատ բան եմ վաճառել, որ կարողացել եմ այսքան մնալ Հայաստանում:
Դա նորմալ չէ, հասկանո՞ւմ եք: Հիմա կարող ենք ասել, որ խնդիրներ են եղել, բայց եթե պետությունը կամք ունի, որ ինքը պետք է օգնի ներդրողին, ուրեմն՝ ինքը կօգներ, և այս օրին չէինք հասնի:
-Այսինքն` դուք Ֆրանսիայի Ձեր ունեցվածքն եք վաճառե՞լ ու այստեղ միայն կորցրել:
-Այո, բազում բաներ եմ կորցրել Հայաստանում, շատ խնդիրներ եմ ունեցել, գիտեք, արդարադատության հետ էլ եմ խնդիրներ ունեցել, և ժամանակին իմ դեմ որոշումներ են կայացվել, որ ուրիշները օտարեն իմ ունեցվածքը, և ես մնամ առանց ունեցվածք: Հասկանու՞մ եք: Շատ պարզ պատմություն է իմ պատմությունը, ինձ թվում է`շատ օրիգինալ պատմություն չէ,դժբախտաբար:
-Ձեզ հետ տեղի ունեցածը ինչպե՞ս կազդի արտասահմանյան ներդրողների վրա:
-Ես չեմ ուզում մեծամիտ լինել, բայց ինձ Ֆրանսիայում շատ լավ են ճանաչում: Իմ ընտանիքը ճանաչված ընտանիք է Ֆրանսիայում, և հաստատ սա լավ չի ազդի Ֆրանսիայի գաղութի վրա, որովհետև բոլորն էլ արդեն գիտեն, որ գնում եմ, և բոլորն էլ ասում են՝ շուտ քեզ փրկիր: Իմ ընկերության մեծամասնությունն ասում է՝ շուտ վերադարձիր, քեզ փրկիր: Այսինքն, ինչ-որ ասում եմ ձեզ հիմա, տարածված կարծիք է սփյուռքահայության մեջ: Սփյուռքահայությանը չեմ պաշտպանում, բայց սփյուռքահայությունն այդ կարծիքի է: Բոլորն էլ գիտեն, որ ունևոր ընտանիքի աղջիկ եմ, կարիք չունեի Հայաստան գալու, շատ լավ ապրում էի, եկա, որովհետև ուզում էի մասնակցել իմ երկրի տնտեսության ստեղծմանը: Փաստորեն, այսօր՝ 16 տարի հետո, ինձ թվում է` ես լավագույն մարդկանց մեջ եմ, որ այսչափ Երկար դիմացա Հայաստանում: Ով ճանաչում է Գործունյան ընտանիքին դրսում, գիտի` ես ով եմ, և ով է իմ ընտանիքը, լավ տպավորություն չպիտի թողնի այս պատմությունը սփյուռքահայության վրա:
-Հիմա «Փարիզյան սուրճ» սրճարանի գործարքն ընթացքի մեջ է, այո՞: Կարո՞ղ եք ասել, թե ում եք վաճառում: Դուք ասել էիք, որ չեք ուզում հաստավզերի վաճառել:
-Ոչ, հաստատ հաստավիզ չեն: Չեմ ուզում «Փարիզյան սուրճը» վաճառել նման մարդու, և այդ բանակցությունները շատ լավ մարդկանց հետ ենք տանում: Նրանք ուզում են պահել «Փարիզյան սուրճը» ինչպես որ կա, ամբողջ կազմը պահել, որ աշխատի: Ինձ համար դրանք շատ կարևոր կետեր են. որովհետև չեմ կարող իմ գործընկերներին, որ աշխատում են «Փարիզյանում», այդպես թողնել, որ ինձնից հետո ինչ ուզեն՝ անեն: Ոչ, ես անպայման ուզում էի դա ապահովել, և բանակցում ենք շատ նորմալ մարդկանց հետ:
-Հայաստանի՞ց են այդ մարդիկ:
-Այո:
-Բայց վստա՞հ եք, որ իշխանության հետ կապ չունեն:
-Ես հաստատ բան չեմ կարող ասել Հայաստանի հետ կապված, բայց ինձ թվում է՝ ոչ:
– Հիմա հունվարին որ գաք, ամբողջ գործարքն ավարտելու եք և մեկընդմիշտ հեռանա՞ք:
-Այո: Աստծո օգնությամբ:











































