Վերջերս բնապահպանները մտահոգություն էին հայտնել, թե Համաշխարհային բանկը շահագրգռված չէ, որ Սևանա լճի մակարդակը բարձրանա և անգամ մեծ ճնշում է գործադրում Հայաստանի կառավարության վրա, քանզի լիճը լինելով տարածաշրջանում միակ քաղցրահամ ջրի մեծ պաշար, հետագայում կարող է ռազմավարական խոշոր նշանակություն ունենալ: Այսօր լրագրողները այս խնդրի վերաբերյալ հարց ուղղեցին Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին, որն ի պատասխան նշեց. «Ես այդպիսի տվյալներ չունեմ և հիմք էլ չունեմ Համաշխարհային բանկին նման մեղադրանք ներկայացնելու»:
Այդուամենայնիվ, Մովսիսյանը նկատեց, որ եթե Համաշխարհային բանկը ճնշում գործադրեր, ապա Սևանա լճի մակարդակը 2002թ.-ից մինչ օրս 3 մ 82 սմ-ով չէր բարձրանա: Նա նշեց, որ ոչ ոք լճի մակարդակի բարձրացման հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ չունի. «Դա մեր խնդիրն է, մեր հանրապետական խնդիրը»:
Մովսիսյանը նկատեց, որ ինքն էլ է կարդացել նման հոդվածներ, թե իբր Որոտանի հիդրոհանգույցը կառուցելու ժամանակ վարկավորման խնդիրները Համաշխարհային բանկը չի լուծել. «Այդ գումարները տրվել են ՀՀ բյուջեից և Համաշխարհային բանկը միայն մեկ տարի Պարենային համաշխարհային կազմակերպության միջոցներով է ներդրում կատարել, մնացած տարիները այդ գումարները ծախսվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին»:
Մովսիսյանը շեշտեց, որ Համաշխարհային բանկը Սևանա լճի առումով Հայաստանի վրա ներգործելու ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ նման նպատակ:











































