ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռոն Փոլը կտրականապես հերքում է Իսրայելի գոյության իրավունքը: Ինչպես հաղորդում է MIGnews.com կայքը, այս մասին երկուշաբթի հայտնել է Էրիկ Դոնդերոն, որը 12 տարվա ընթացքում զբաղեցրել է 76-ամյա կոնգրեսմենի ավագ օգնականի պաշտոնը:
Rightwing News կայքի իր բլոգում Դոնդերոն գրել է, որ այն ժամանակ, երբ ինքն աշխատում էր Փոլի մոտ, կոնգրեսմենը երբեք իրեն չի պահել ռասիստի կամ հակասեմիտի պես, սակայն ունեցել է հակաիսրայելական տրամադրություն:
Կոնգրեսմենի նախկին օգնականը իր բլոգում վստահեցնում էր, որ Փոլը այդ վիճելի կարծիքը «մի քանի անգամ արտահայտել է մասնավոր զրույցների ժամանակ»:
Փոլը, նրա խոսքերով, համարում է, որ «Իսրայելը ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան արժանի է, հատկապես՝ Ամերիկայի հարկատուների համար»:
«Նա պաղեստինցիների կողմն է և աջակցում է հրեական պետությունը չեղյալ հայտարարելու և Իսրայելն ամբողջությամբ արաբներին հանձնելուն կոչին»,- գրում է Դոնդերոն:
Դոնդերոյի հայտարարության հետ կապված՝ Հանրապետական հրեական կոալիցիայի գործադիր տնօրեն Մեթյու Բրուքսն ասել է, թե կոնգրեսմենի նախկին ավագ օգնականի բլոգը «պարզապես հաստատել է այն, ինչ մենք արդեն գիտենք` Փոլը դեմ է հրեական Իսրայել պետությանը»:
Բրուքսը նախկինում Իսրայելի հանդեպ Փոլի վերաբերմունքն անվանում էր «սխալ և ծայրահեղական»:








































