«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման իրաքյան մասնաճյուղը՝ «Իրաքի իսլամական պետությունը», իր վրա է վերցրել անցյալ հինգշաբթի Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններին զոհ է գնացել շուրջ 72, վիրավորվել ավելի քան 170 մարդ:
«Իրաքի իսլամական պետություն» խմբավորման հայտարարության համաձայն՝ ահաբեկչություններն իրականացվել են հաջակցություն սուննի բանտարկյալների և արդեն մահապատժի ենթարկված սուննիների: Ահաբեկչությունները տեղի ունեցան երկրում քաղաքական դրության լարվածության ֆոնին, որը կապվում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ:
Շիաների և սուննիների միջև հարաբերությունները Իրաքում սրվեցին Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Կողմերը բազմիցս արյունալի ահաբեկչություններ են գործել միմյանց դեմ:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ «Իրաքի իսլամական պետություն» կազմակերպությունը հիմնվել է հորդանանցի ահաբեկիչ Աբու Մուսաբ Ալ-Զարկավիի կողմից: Վեջինս չեզոքացվել է Իրաքում 2006 թ. հունիսին կոալիցիոն ուժերի հատուկ գործողությունների հետևանքով:








































