Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրազյայի պաշտոնավարման ժամկետը։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրընկալել է Բրայզային։
Հանդիպման ժամանակ Բրայզան բարձր է գնահատել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ իր դիվանագիտական գործունեության ժամանակ այցեր է կատարել դեպի Ադրբեջանի տարբեր շրջաններ։
Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Ալիևը նաև բարձր է գնահատել Ադրբեջանում Բրայզայի դիվանագիտական գործունեությունը։
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, և որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այժմ Բրայզան սպասում է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից իր հաստատմանը, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձյալ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Բրայզայի թեկնածությունը։








































