«Բյուջեով նախատեսված հիմնական ցուցանիշները կատարվել են, և տնտեսությունը մտնում է զարգացման նոր փուլ»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա փաստեց, որ հաջորդ տարի ճգնաժամի երկրորդ փուլի վերաբերյալ կանխատեսումներն իրականություն են դառնում, և այս պարագայում կարևորեց տնտեսության դիվերսիֆիկացումը: «Ցանկացած ճգնաժամ բացասաբար է ազդում տնտեսության վրա, սակայն այն ավելի քիչ կազդի, եթե տնտեսությունը լինի դիվերսիֆիկացված: Ապագայի նկատմամբ պետք է լինել լավատես, և այդ առումով այս տարվա 11 ամիսների ամփոփումը հիմքեր տալիս է»,- ասաց Գ. Մինասյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամի ընթացքում աղքատության աճը և հաջորդ տարի սպասվող ճգնաժամի սրացումը` որքանո՞վ կավելանա աղքատության մակարդակը, Գ.Մինասյանը պատասխանեց` նման հաշվարկ ոչ ոք չի կարող անել, բայց պետք է աշխատել, որ ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավորինս ավելի մեղմ լինի:
Մեր այն հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք 2011 թ. բյուջեի եկամուտների գծով շուրջ 10% թերակատարումը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե ներկայացվում է 11 ամսվա կատարողականը, որը տարվա ծրագրի 90%-ն է. «Այսինքն` տարվա ծրագիրը կգերակատարենք, հատկապես, որ վերջին ամիսը աչքի է ընկնում հարկային եկամուտների բարձր մակարդակով»:








































