Thursday, 11 06 2026
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Երկրում ձևավորվող քաղաքացիական նախաձեռնությունները պետք է քաղաքական ձևակերպում ստանան (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

– Տարին կարող ենք ամփոփել նաև իրավապաշտպան ոլորտում. պարոն Սաքունց, ի՞նչ արձանագրումներ եք հասցրել անել` ձախողումներ, նվաճումներ, որո՞նք են տարվա այն գլխավոր իրադարձությունները, որոնք կուզեիք առանձնացնել, հատկապես Ձեր ասպարեզում, Ձեր գործունեության տիրույթում:

– Ցավոք սրտի, պետք է արձանագրել միայն մարդու իրավունքների շարունակական խախտումներ բոլոր բնագավառներում` ոստիկանություն, զինված ուժեր, սոցիալական իրավունքի բավական լուրջ մարտահրավերներ, և պետք է ասել, որ ունենք այնպիսի մի վիճակ, երբ քաղաքացիական հասարակության առանձին նախաձեռնություններով բարձրացվում են հարցեր, սակայն որոշում ընդունող մարմինների համարժեք ընկալում, գիտակցում չկա: Գուցե որոշակի բացառություն անենք բնապահպանական շարժման հետ կապված` Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման որոշման կասեցման մասով: Այնուամենայնիվ, չկա այն տպավորությունը, որ հասարակական պահանջարկի վերաբերյալ բոլոր այդ առաջարկությունները, ակցիաները, փորձերը հասկացվում են իշխանությունների կողմից, այսինքն` մենք ունենք մարդու իրավունքների պարբերաբար խախտումներ:

– Իմ դիտարկմամբ, տարին նշանավորվեց և առանձնացավ հատկապես քաղաքացիական շարժումների առավել ակտիվ ինքնադրսևորմամբ, ինչը թերևս տարվա գլխավոր նվաճումն է, այն հույսը, որ Հայաստանում գալիս է մի սերունդ, որը պատրաստ չէ հաշտվել այս խեղված իրականության հետ, և այն պայքարը, պայքարի այն մակարդակը, որը լուրջ ճնշում է գործադրում կոնկրետ հարցով իշխանութան կոնկրետ ստորաբաժանման, կոնկրետ գերատեսչության վրա, կարծես հաջողում է, և հաջողությունն էլ իրեն սպասեցնել չի տալիս: Թռչկանը այդ իմաստով պետք է դիտարկել այս կոնտեքստում. երիտասարդները համառ գտնվեցին, տեղում որոշեցին պայքարել, անզիջում պայքարել և ստացան այն արդյունքը, որը ուրախալի էր բոլորիս համար:

– Իրապես քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացում կա, ընդ որում` ամենատարբեր մարդիկ են ընդգրկվում, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող: Ես հիշեցի Վարդգես Գասպարիի կալանքի վերաբերյալ որոշման հետ կապված ակցիան, որին մասնակցում էին ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք խնդիրը չէին դիտարկում քաղաքական պատկանելության տեսակետից, թեև Վարդգես Գասպարին կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչ էր: Նախաձեռնությունների ի հայտ գալը իրապես նոր երևույթ է, բայց երբ մենք խոսում ենք իրավիճակի փոփոխության մասին, արդյունքների տեսակետից, ցավոք սրտի, չենք կարող արձանագրել որևիցե դրական տեղաշարժ, որովհետև ճիշտ է, Թռչկանում կանգնեցրին, մյուս տեղերում, ասենք` Հայաստանի տարբեր մասերում շարունակվում է: Նույնիսկ պաշտպանության նախարարության կողմից այն քայլը, որ հանդիպում կազմակերպվեց տարբեր նախաձեռնությունների հետ. Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց «Չենք լռելու» նախաձեռնության հետ. այդ քայլերը ես դիտարկում եմ առաջին հերթին, իհարկե, նախընտրական շրջանի տրամաբանության մեջ` իրենց կոշտությունը թաքցնելու, քողարկելու համար: Ես որևիցե հիմք չունեմ մտածելու, որ նախընտրական ժամանակաշրջանում նման կոշտ դրսևորումներ, իրավունքների խախտումներ` ազատ տեղաշարժի, հանրահավաքների հետ կապված, ապօրինի ձերբակալություններ, խուզարկություններ, կալանքներ` ընդհուպ մինչև քրեական գործեր չեն լինելու, որովհետև մինչ այժմ 2008 թվականի մարտի 1-ի հետ կապված հարցերին պատասխաններ չունենք, չունենք ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ գնահատական, քննություն, պատասխանատվության չեն ենթարկվել մեղավորները:

– Չունե՞նք այն իրականությունը, ըստ որի իշխանությունը դաս է քաղել առնվազն:

– Ոչ միայն դասի առումով, այլ ընդհանրապես կոնկրետ քայլեր չեն արվել, որ մեզ հույս ներշնչեր, որ իշխանությունն իր վարքագիծը փոխել է ընդհանրապես իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ տեսակետից, քանի որ նախընտրական տարի է, որոշակի հանդարտություն է փոթորկից առաջ:

– Պաշտոնանկություններ եղան, պաշտոնյաներ փոխվեցին, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնանկ արվեց:

– Ալիկ Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվեր այն ժամանակ, երբ Վահան Խալաֆյանին սպանեցին Չարենցավանի բաժնում: Այն ժամանակ, երբ հասարակական պահանջը դրվեց, որ մարդը, որը իրավապահ մարմնի ղեկավարն է և չսպասելով փորձաքննության արդյունքներին` արդեն տալիս է գնահատական, մեկ վայրկյան անգամ իրավունք չունի մնալու այդ պաշտոնում:

– Պարոն Սաքունց, կարծում եք` անհատի՞ գործոնով է պայմանավորված, որ Խալաֆյանի նման դեպքեր են տեղի ունենում, թե՞ համակարգն այնքան կեղտոտված ու այնքան փտած է, որ նոր Վահան Խալաֆյանների դեպքերը բացառված չեն:

– Մենք ունենք ընտրական իրավունքների մասսայական խախտման հիման վրա իշխանության եկած մարմին: Ավելին` ինքը որևէ փորձ էլ չի անում փիառ տեխնոլոգիաների միջոցով ստեղծել այնպիսի տպավորություն, որ լավ լինի, դա էլ չի արվում: Հասարակական կարծիքի և ընդհանրապես իրավունքների խախտման հետ կապված արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում:

– Մեծ հաշվով, հասարակությունն ակնդետ հետևում է բանակում, ոստիկանությունում տիրող իրավիճակին և շատ արագ արձագանքում է: Մի ժամանակ պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը ընդհանրապես չէին էլ արձագանքում այդ հրապարակումներին և հասարակական ճնշումներին: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Ամեն հինգշաբթի սպանված զինվորների մայրերին մոտենում է պաշտպանության նախարարը, ինչ-որ քննարկումներ են անում հաջորդ շաբաթվա համար, ոստիկանապետն ընդառաջ է գնում կարծես լրագրողների, իրավապաշտպանների պահանջներին: Այս արտաքին երևույթների դրսևորումների ետևում որակական փոփոխությունների հույսի նշույլ տեսնո՞ւմ եք:

– Բացարձակապես չկա որևիցե ցանկություն փոխելու: Ես կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել, որ ընդհանրապես չեն հանդիպում: Այսինքն` հանդիպում են այն ժամանակ, երբ որոշում են հանդիպել, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից: Ես չեմ բացառում «արաբական գարնան» որոշակի ազդեցությունը և որոշակի զգուշավորությունը, այնուամենայնիվ քաղաքացիական նախաձեռնությունները չդադարեցին այն կոշտ մոտեցումներից հետո, որ դրսևորվեցին մարտի 1-ին և նաև մարտի 1-ից հետո: Նույնը կատարվեց վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հրապարակային ակցիաների դեպքում, բայց ցավոք սրտի, այդ ճնշման ապարատը, հոգեբանական ճնշումը, հասարակական տարբեր նախաձեռնությունների նկատմամբ կիրառվում է: Երբ խոսքը վերաբերում է իշխանության օրգանական կենսական շահերին, ապա այդ դեպքում ես ձեզ վստահեցնում եմ, որ բացարձակապես որևէ զիջում չկա: Այսինքն` նույն Թռչկանի դեպքում թույլտվությունը դեռևս 2004 թվականին էր տրվել, կարող եմ ենթադրել, որ իրական պատվիրատուն ինքը իշխանության կողմից չուներ միանշանակ աջակցություն: Որևէ փաստ չեք բերի, որ անտառահատման բնագավառում, որը խայտառակ վիճակում է և կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում, առկա են և ստվերային մեծ հատումներ, և մեծ շահեր, որևիցե ակնկալիք կամ փոփոխություն կա, որ այդ ահազանգերին ընդառաջ իշխանությունները կարող է որևէ քայլ կատարեն:

– Իշխանության կենսական շահերից նաև չի բխում այնպիսի քայլեր կատարել, որ այս իշխանությունն ընդունակ է ընդհանրապես լեգիտիմացվելու, ընդհանրապես օրինական դաշտ տեղափոխվելու, ընտրական բոլորովին նոր մշակույթ հաստատելու, որովհետև ցանկացած այդպիսի քայլ ուղղակի աշխատելու է հենց իշխանության դեմ:

– Տարեվերջին հանպատրաստից մեզ բոլորիս մատուցեցին մարդու իրավունքների ռազմավարություն փաստաթուղթ, Ազգային ժողովում կազմակերպվեց ինչ-որ քննարկում: Եթե դիտարկում եք այդ փաստաթուղթը, այն ընդհանրապես, որպես այդպիսին, ռազմավարություն չի կարելի համարել: Օրինակ` գրված է, որ լրագրողների դեմ բոլոր բռնարարքները պատշաճ քննությամբ պարզվեն, դա ի՞նչ ռազմավարական թուղթ է: Օրենքը պահանջում է, որ ցանկացած բռնության դեպքում պետք է անպայման քննություն կատարել և պատասխանատվության ենթարկել: Ինձ համար մի քիչ տարակուսելի է, որ Եվրամիության խորհրդատվական խմբի կողմից է այդ փաստաթուղթը մշակվել: Կամ` նույն այդ փաստաթղթի քննարկման ժամանակ, երբ խոսք է գնում կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին, Ազգային ժողովի առանձին պատգամավորներ, նաև, ցավոք սրտի, որոշ` այսպես կոչված ՀԿ-ներ խոսում են որ պետք է անպայման ռազմավարության մեջ մտցնել հոգեորսության մասին դրույթը: Իմիտացիոն այս մոտեցումը մարդու իրավունքների բնագավառում մնում է որպես ձև:

– Այսինքն` դուք կասկածում կամ ենթադրում եք, որ Եվրոպական կառույցները ինչ-որ կերպ նաև թաքցնո՞ւմ են այս իշխանությունների իրական դեմքը:

– Ոչ թե թաքցնում են այլ կարծես խրախուսում են` երբ որևէ քայլ չի կատարվում այդ իմիտացիոն գործընթացին վերջ տալու համար, չնայած Եվրախորհրդի խորհրդարանական հանձնաժողովի հատուկ կառույցներից մեկի ներկայացուցիչը` տխրահռչակ Պրեսկոտը, հայտարարեց` մենք այլևս չենք բավարարվելու իշխանության փոփոխություն կատարելու խոստումներով և ավելի շատ գնահատելու ենք քայլերը, բայց դա մնաց զուտ խոսք:

– Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը փաստորեն փակեց Մարտի 1-ի էջը:

– Ցավոք սրտի, մենք ունենք հետևյալը, որ` «ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»: Տվյալ դեպքում քաղաքացիական հասարակության նախաձեռնություններն են այն ճանապարհը, որով մենք կարող ենք այս իրավիճակի փոփոխության հասնել: Ես մի կողմից մեղադրում եմ եվրոպական կառույցներին, մյուս կողմից` հասկանում եմ, որ զուտ որպես քաղաքական մարմիններ նրանք գործ ունեն այն իրավիճակի հետ, որն ստեղծված է, այսինքն` մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ չենք կոմպրոմիսի գնալ: Այստեղ մեկ այլ խնդիր կա իրապես քաղաքական նախաձեռնությունների միջոցով քաղաքական օրակարգում դրվում են հարցեր, որոնց լիարժեք տեղը դեռ չենք տեսնում, այսինքն` քաղաքական այն ուժին, որը անվերապահ կարող է ասել, որ այս արժեքային համակարգի շրջանակներում և հիման վրա այս հարցերին մենք տալիս ենք միանշանակ այսպիսի պատասխաններ:

– Ոչ Թունիսում, ոչ Եգիպտոսում չկար այդ քաղաքական ուժը: Քաղաքացիական նախաձեռնությունները, երիտասարդները ոտքի կանգնեցին, եկան Եգիպտոսի Թահրիրի հրապարակ և տապալեցին Մուբարաքին, արդյոք անհրաժե՞շտ է, որ այդ կազմակերպված քաղաքական ուժը լինի:

– Այո, որովհետև հենց այդ «արաբական գարնան» հեղափոխությունները ցույց տվեցին, որ երբ պատշաճ քաղաքական ուժ չկա, հետագա իրադարձությունները կարող են շատ ավելի վատ լինել: Ցավոք սրտի, քաղաքական էլիտան պատրաստ չէ պատասխանելու այն հարցերին, որոնք հասարակության կողմից բարձրացվում և տրվում են: Սա շատ լուրջ պրոբլեմ է, և իրավիճակի հետագա շարունակությունը, կարծում եմ, շատ պայթյունավտանգ կարող է լինել, այսինքն` պայթյունավտանգ մի կողմից, մյուս կողմից` կարող է ընդհանրապես անկանխատեսելի լինել, և երևի թե մենք լավ չենք պատկերացնում, թե հասարակության մեջ իրապես ինչ գործընթացներ են գնում: Կա մի վիճակ, որ արդեն քաղաքացիական նախաձեռնությունները չեն տեղավորվում որևէ քաղաքական ուժի շրջանակներում, որևէ քաղաքական պատկանելության այլևս չեն ենթարկվում, որովհետև կան այնպիսի կենսական խնդիրներ և այդ կենսական խնդիրների վիճակը, բնույթն այնպիսին է, որ այլևս չի ճանաչում քաղաքական պատկանելություն, որովհետև հնարավոր է` թույլատրելիության մակարդակն արդեն իջել է:

– Համեմատություններ կատարելով մեր հարևանների հետ` շատերն արդեն փորձում են մատնանշել մեր առավելությունները Վրաստանի կամ Ադրբեջանի նկատմամբ: Ի՞նչ իրավիճակ է այդ ոլորտում:

– Այս առումով, իհարկե, Ադրբեջանում խայտառակություն է միանշանակ, որովհետև մեզ մոտ Մարտի 1-ից մինչև 20-ը և առանձին հրապարակային ակցիաների նկատմամբ այն ամբողջ արսենալը, որ իշխանությունը կիրառում է, դա Ադրբեջանում անընդհատ գոյություն ունի: Եթե դա մեզ մոտ պերմանենտ բնույթ ունի, Ադրբեջանում դա միշտ է: Մենք կարող ենք Facebook-ով հավաքվել և իրականացնել մեր նախաձեռնությունը: Նրանց մոտ նախաձեռնությունը մինչև իրականացնելը արդեն ի սկզբանե կանխվում է: Վրաստանում վիճակը փոքր-ինչ այլ է, իհարկե էլի մտահոգիչ խնդիրներ կան ոստիկանության կառույցների հետ կապված, կոռուպցիա ավելի բարձր մակարդակներում գոյություն ունի: Հասարակական հարաբերություններում որոշակիորեն կանխարգելվել են, և մենք չենք կարող դրա մասին խոսել, բայց խոսքի ազատության բնագավառում, քաղաքական ազատությունների բնագավառում, զանգվածային լրատվամիջոցների հետ կապված բավական լուրջ մտահոգություններ կան, և ցավոք սրտի, այդ մտահոգությունները կարող են հետագա ավելի լուրջ խնդիրների հիմք հանդիսանալ: Վրաստանի իշխանությունները բավական լուրջ զգուշացումներ պարբերաբար ուղարկում են, բայց մի տենդենց կա Վրաստանում, որը չկա ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում, ակնհայտ է, որ Վրաստանը միանշանակորեն կողմնորոշված է դեպի արևմտյան ժողովրդավարությունը: Դա պաշտոնական իրենց մոտեցումն է: Մեզ մոտ հստակ չէ, թե որ ուղղությամբ ենք ընթանում, հստակ չեն այդ արժեքային համակարգի վերաբերյալ կողմնորոշումները: Այս տեսակետից նման երկատվածությունը հենց հասարակության մեջ դրսևորվում է նրանով, որ քաղաքական էլիտան ինքը այդ անորոշությունն ունի, հասարակությունը շատ ավելի որոշակիության դրսևորումներ է ցույց տալիս և քայլեր է կատարում: Քաղաքականության և քաղաքական հասարակության այս տարանջատվածությունը պետք է լուծվի, որովհետև մենք չենք կարող միաժամանակ երկու աթոռի վրա նստել և շարունակել:

– Իրավունքների պաշտպանության խնդրով բազմաթիվ դրսևորումներ, ակցիաներ տեղի ունեցան նաև Ռուսաստանում, վերջին զարգացումներին կտրուկ արձագանքեց նախագահի պաշտոնը ստանձնելու ամենահավանական հավակնորդ Պուտինը` արևմտյան ուժերին մեղադրելով, ընդհուպ մինչև այդ հանրահավաքի ուղղակի կազմակերպման մեջ մեղադրելով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին: Այս միտումը կարծես վարակի պես տարածվում է նաև սատելիտների վրա, օրինակ` Հայաստանում ևս սկսեցին վարկաբեկել քաղաքական նախաձեռնություններին, հասարակական շարժումներին, որ դրամական հատկացումներ են ստանում արևմտյան ֆինանսական կազմակերպություններից: Այս միտումը ո՞ւր կարող է հասցնել:

– Այն, ինչ որ կատարվեց Ռուսաստանում, Հայաստանում արդեն եղել էր: Մասսայական ընտրախախտումներից հետո թույլ են տալիս ընդդիմադիրներին և քաղաքացիներին, որ արտահայտեն իրենց բողոքները, այսինքն` տեղափոխում են կարգավորման դաշտ, որպեսզի գոլորշին դուրս հորդի: Ինձ ավելի շատ մտահոգում է, որ այդ նույն եվրոպական կառույցների մեջ է ընդգրկված հետխորհրդային երկրների մի ակումբ, որը ես անվանում եմ տոտալիտար երկրների ակումբ: Նույնիսկ ԵԱՀԿ գագաթնաժողովի նախարարների կոմիտեի հանդիպումների ժամանակ տոտալիտար ակումբի երկրները առանձին հավաքվում և ձևավորում են միասնական նախագիծ: Սա շատ լուրջ մարտահրավեր է հենց եվրոպական կառույցներին: Ունի՞ արդյոք եվրոպական որևէ կառույց կանխելու մեխանիզմ, եթե իր անդամ երկրների մեկ քառորդը կամ կեսը գնա ոչ լեգիտիմ իշխանության, որպեսզի իր լեգիտիմությունը նաև դրանով պաշտպանի: Այսինքն` ստացվում է, որ եթե անդամ երկրների մեծամասնությունը լինի ոչ լեգիտիմ իշխանություն, այդ ամբողջ կառույցն է դառնում ոչ լեգիտիմ: Այստեղ մենք լուրջ մարտահրավեր ենք հանդիսանում այդ նույն եվրոպական կառույցների համար: Մյուս կողմից` ինձ համար ավելի վտանգավոր եմ համարում, որ նույն այդ տոտալիտար ակումբի անդամ երկրները հարց են բարձրացնում, որ ընդհանրապես ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք չէ, կամ հավաքվում են և միասնական քննարկումներ անցկացնում ինտերնետային տարածության վերաբերյալ, անվտանգության նկատառումներից ելնելով ինչպես դիմագրավել, այսպես կոչված` տեռորիզմի դեմ պայքարելու համար, ավելին` նույն տոտալիտար երկրները ՀԱՊԿ-ի` քաղաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում քննարկում են դեռևս, որ միասնական զորքերն օգտագործվեն նաև ներքին քաղաքական նպատակներով, այսինքն` սրանք բավական լուրջ պրոցեսներ են: Այդ գաղափարները շրջանառության մեջ են դրվում ժամանակի ընթացքում և նպատակ ունեն սովորեցնելու, որ դա շատ նորմալ է` որպես գաղափարներ, ու մշտապես մշակել են հասարակական կարծիքը: Պուտինը այս տեսակետից ինքը ներկայացնում է Ռուսաստանի հենց այն ռեակցիոն ուժերը, որոնց աջակիցները գոյություն ունեն և Հայաստանում, և Ուկրաինայում, և Ադրբեջանում, որոնց համար տոտալիտարիզմը գոյության միակ տարբերակն է: Սա մարտահրավեր է ոչ միայն մեր երկրներին, նաև եվրոպական այն կառույցներին, որոնց մենք անդամակցում ենք: Մեր պայքարը քաղաքական և քաղաքացիական ազատությունների համար ոչ միայն ներպետական նշանակություն ունի, այլ նաև վերպետական նշանակություն, և այդ տեսակետից է, որ իրենք մտահոգված են և ասում են` գրանտակերները, արևմտյան օգնություն ստացողները, այն դեպքում, երբ հենց իրենք` այդ անդամ երկրներից շատերը արևմտյան գումարների հաշվին շատ պետական խնդիրներ են փորձում լուծել: Իհարկե, միանշանակ է մեր կարծիքը. քանի դեռ չկա իրական ժողովրդավարություն, չկա իրավունքի գերիշխանություն, նման դրամական հոսքերը հանդիսանում են կոռուպցիան սնուցող հնարավորություններ: Մենք գտնում ենք, որ գոնե այն պաշտոնական հայտարարությունը, որ ԱՄՆ կողմից հնչեցվեց պետքարտուղարի մակարդակով, որ այլևս ֆինանսական կամ տնտեսական օգնությունը պետք է համարժեք լինի երկրում իրավունքների պաշտպանության հետ, այսինքն` նման ձևակերպում, որ արդեն կոշտ կախվածության մեջ լինի, հույս ունենանք, որ սա կիրականացվի, որովհետև չի կարելի այլևս պարազիտալիզմի նման ապրել, այսինքն` օգտվել և ոչինչ չանել: Մենք լուրջ մտահոգություն ունենք այն առումով, որ արտագաղթը հիմա բավական մեծ տեմպեր ունի, մեծ ծավալներ է ընդգրկում: Մտածողության տեսանկյունից, երբ այլևս անհնար է գոյատևել, պաշտպանական ռեակցիան փախուստն է իրականությունից, որը դրսևորվում է ատագաղթի միջոցով: Ես կարծում եմ, որ խնդիրների ծագման հետ միաժամանակ առաջ են գալիս այդ խնդիրների լուծման հնարավորությունները, և այս մեխանիզմը առավել քան երբևէ Հայաստանում սկսել է ձևավորվել հասարակական նախաձեռնությունների տեսակետից, որն անպայման իր քաղաքական ձևակերպումը պետք է ստանա, եթե իրապես երկիրը սիրող մարդիկ` անկախ նրանից որտեղ են գտնվում, ինչով են զբաղվում, եթե նրանք պարտավորություն չվերցնեն, չգիտակցեն և պատասխան տան այդ պահանջներին, ապա իրապես մենք բավական շատ տխուր իրավիճակի մեջ կհայտնվենք և բանանային երկիր ասածը կստանա իրավական ձևակերպում, որի մեջ մենք գտնվում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում