Հայաստանը վերածվել է Թումանյանի ասած՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասույթին: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի 253-րդ խոշոր հարկատուն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, 57 միլիոն դոլարով հյուրանոց է գնում արտասահմանում, իսկ Հայաստանում ներդրում անող սփյուռքահային՝ Վալերի-Աշխեն Գործունյանին, ճնշում են, և նա ստիպված որոշում է վաճառել իր բիզնեսը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.
«Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե որերորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը հարկատուների ցանկում և որքա՞ն արժի հյուրանոցը, որը մինչ ձեռքբերումը գրավադրված էր, այնուամենայնիվ մեկ բան ակնհայտ է՝ կապիտալը Հայաստանից կամ հոսում է, կամ քշվում է: Հետևաբար, ես ուզում եմ հիշեցնել շաբաթներ առաջ Վրաստանի նախագահի արած մի հայտարարություն, թե ինքն ուռկանը ձեռքին կկանգնի Վրաստանի սահմանի մոտ և Վրաստան կբերի այլ երկրներից փախած գումարները: Մինչդեռ Հայաստանում ոչ միայն չեն հարցնում, թե մեր երկրից ինչ գումար և ինչու է դուրս գալիս, այլև՝ ինչու Հայաստանը ներդրումների համար այդքան նախընտրելի չէ, թեկուզ գույք ձեռք բերելու առումով, ինչպես որ բալթյան, կամ արևելաեվրոպական որևէ երկիր, կամ հենց նույն Վրաստանը»:
Ս. Սաֆարյանի կարծիքով՝ Գործունյանի հետ կատարվածն էլ ցույց է տալիս, թե ում կարող են կպնել, ում ձեռքից կարող են վերցնել և ովքեր են անպաշտպան:
«Ուղղակի թույլն ու խոցելին ամենաանպաշտպանն են: Մյուսները, եթե կարողանում են, գոնե իրենց գումարները հանում են, Վալերի Գործունյանի նման կնոջը շատ գրագետ ձևով պարտադրում են 16 տարվա իր ներդրումները, կայացած ցանցը, շուկան, թողնել»,- նշեց Ս.Սաֆարյանը:








































