Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դառնալու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցիչը և նոր կարգավիճակով շուտով մեկնելու է Բիշքեկ, ՄԻՊ գրասենյակից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին: ՄԻՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նման ինֆորմացիա կա, սակայն իրենք դեռևս չեն մեկնաբանում այն, և ամեն ինչ պարզ կլինի հունվարին` Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ասուլիսի ժամանակ:
Շրջանառվում են լուրեր, թե օմբուդսմենի պաշտոնում Արմեն Հարությունյանին փոխարինելու է միջազգային իրավունքի փորձագետ, GTZ իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը: Մեզ հետ զրույցում պարոն Պողոսյանն ասաց, որ նման առաջարկ իրեն չի արվել, սակայն եթե արվի էլ, ինքը մերժելու է:
Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է 2006 թվականից: