Իրաքի փոխնախագահ Տարեք Ալ-Հաշեմին, որը մեղադրվում է ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, AFP-ին տված հարցազրույցում ասել է՝ չի պատրաստվում վերադառնալ Բաղդադ և կանգնել դատարանի առջև: Նա անգամ հայտնել է Իրաքից փախչելու իր մտադրության մասին:
Հաշեմին այժմ գտնվում է քրդական շրջաններից մեկում` Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանի պաշտոնական հյուրերի համար նախատեսված տանը: Նա ասել է՝ միգուցե իր թիկնապահները մեղավոր են կատարված սպանությունների մեջ, բայց ինքը դրանց հետ որևէ առնչություն չունի:
Ոստիկանությունը մեկ շաբաթ առաջ հրամայել է ձերբակալել Հաշեմիին: Հարցին՝ արդյոք փոխնախագահը կվերադառնա՞ Բաղդադ, նա պատասխանել է՝ նման բան երբեք չի անի: Փոխնախագահը դա բացատրում է երկրում տիրող անվտանգության բացակայությամբ և նրանով, որ արդարադատության համակարգը քաղաքականացված է:










































