Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշումը ցույց տվեց, թե ինչ անհեթեթ կառույց է ՀԱՊԿ-ն ինքնին, որովհետև գոյություն ունեցող ցանկացած ռազմական դաշինքում նման հարց ընդհանրապես չպետք է ծագեր երրորդ կողմի բազաների տեղակայման կամ չտեղակայման վերաբերյալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՀԱՊԿ-ի որոշումը, համաձայն որի`այսուհետ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի տարածքում ցանկացած օտար երկրի ռազմաբազա կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե դրան հավանություն տան կազմակերպության անդամ բոլոր պետությունները:
Նրա խոսքով, այսպիսի սահմանափակումը դրվել է Ռուսաստանի կողմից:
«Չնայած որոշումը մատուցվել է որպես Կենտրոնական Ասիայի բռնապետներից մեկի արած առաջարկությանն ընդառաջ գնալու ցանկություն, սակայն դա պուտինյան Ռուսաստանի նախաձեռնությունն է: Այս որոշումը կարելի է դիտարկել որպես արևմտյան ազդեցությունը սահմանափակելու փորձ»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը:
Ըստ նրա` եթե որոշումը դիտարկենք իրավական հարթության վրա, ապա այն էապես սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը` Հայաստանի ազգային անվտանգության հարցը թողնելով Մոսկվայի ու Կենտրոնական Ասիայի բռնապետների հայեցողությանը:
«Սա անհեթեթ իրավիճակ է, և ես կարծում եմ` այդ փաստաթղթի տակ ստորագրողը պիտի պատասխան տա Հայաստանի հանրությանը, թե իր ստորագրածն ինչ է տալիս քաղաքացիներին»,- հավելեց Ռ. Մեհրաբյանը:










































