Հայաստանից արտահանում իրականացնելու համար ոչ մի խոչընդոտ չկա թե՛ գործող օրենսդրության, թե՛ դրա կիրառման տեսանկյունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վաճառականների միություն» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանը: Նա շեշտեց, որ արտահանողը բավականին շահում է, երբ ԱԱՀ-ն կուտակվում է, և հետո կարող են ետհաշվարկ անել:
«Ոչ մի հարկ չի մուծվում, միայն շահութահարկի խնդիրն է մնում: Արտահանման դեպքում փոքր, թե մեծ կարևոր չի, օրենքով նա ազատվում է ԱԱՀ-ի մուծումից: Պարզապես փոքրի վրա կարող է մանր-մունր ծախսերն ազդեն, բայց չի էլ կարող 1-10 կգ արտահանել, ծավալ է պետք, որի դեպքում այդ ծախսերն էական ազդեցություն չեն ունենա»,- ասաց Ց. Գևորգյանը:
Նրա խոսքով, մաքսային առանձնապես ոչ մի քաշքշուկ չկա, ներկայում գործակալներ են աշխատում, որ տնտեսվարողի փոխարեն գործ են անում, և կարելի է նրանց ծառայությունից օգտվել:
«Պարզապես վատն այն է, որ շուկա գտնելն է դժվար: Շուկա գտնելու դեպքում արտահանելը բավականին հեշտ է»,- նշեց Ց. Գևորգյանը:









































