«Քուվեյթի իշխանությունները, ի դեմս տեղեկատվության նախարար Շեյխ Համադ Ժաբեր Ալ-Ալիի, հայտարարել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության գործունեության վերականգնման մասին»,– հաղորդում է Arab Times-ը:
Քաթարյան հեռուստաընկերությունը Քուվեյթում դադարել էր աշխատել 2011 թ. դեկտեմբերի կեսին` բողոքի ցույցերը լուսաբանելու պատճառով: Հեռուստաալիքը ցույց էր տալիս կադրեր, որտեղ իրավապահ մարմիններն ուժ էին գործադրում ցուցարարների նկատմամբ: Քուվեյթի իշխանությունները հեռուստաալիքին մեղադրել էին երկրի ներքին գործերին խառնվելու մեջ և, փակելով գրասենյակները, արգելել էին լրագրողներին աշխատել իրենց երկրում:
Սահմանված պատժամիջոցների վերացման մասին որոշումն, ըստ Ալ-Ալիի, կայացվել է՝ կապված Քուվեյթում խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք տեղի կունենան փետրվարի 2-ին: Նախարարը նշել է, որ Քուվեյթին անհրաժեշտ է ընտրությունների չեզոք և թափանցիկ լուսաբանում, միաժամանակ հիշեցնելով, որ ԶԼՄ-ները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար:
«Ալ Ջազիրա»–ի քուվեյթյան բաժնի տնօրեն Սաադ Ալ-Սաեդին նշել է, որ հեռուստաալիքի գործունեության նախապատրաստման աշխատանքները կտևեն մեկ շաբաթ:










































