«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա ներդրումային միջավայրը:
– Եթե կարճ ասենք՝ անբարենպաստ է: Ներդրումների համար անհրաժեշտ է 3 պայման. առաջինը՝ բիզնես կլիմա, թե ինչքանով է շահավետ գումար ներդնել և շահույթ ստանալ, երկրորդը` բիզնեսի պայմաններ, այսինքն` ինչքանով է դա հավասար բոլորի համար, ինչքանով տեղական, քաղաքական շրջանակներին մոտ լինելն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում բիզնեսի համար, երրորդ՝ կայունություն, որ ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրումները երկարատև ժամկետի մեջ կայուն, ապահովված շահույթ կբերեն՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ կամ քաղաքական ընտանիք կլինի իշխանությունը: Այս 3 պայմաններից յուրաքանչյուրը ՀՀ-ում անբարենպաստ է:
– ՀՀ անկախացումից հետո այս տարիների ընթացքում ինչ-որ դրական փոփոխություններ եղե՞լ են:
– Ընդհանրապես ներդրումների հաշվարկի ձևերը տարբեր են, և այս կամ այն քաղաքական շահերից ելնելով, այս կամ այն փորձագետը, առավել ևս` քաղաքական գործիչը, կարող է տարբեր կերպ ներկայացնել: Օրինակ` վերջերս ՌԴ վարչապետ Պուտինը մի թիվ ներկայացրեց, որ ՌԴ-ն ՀՀ-ում կատարել է 2.8 մլրդ դոլարի ներդրում: Ես ենթադրում եմ, որ այստեղ մտնում են Ռուսաստանին տրված մեր գույքը՝ պարտքի դիմաց, նույնիսկ ռուսական բազայի ծախսերը, գազը, այն էներգիան, որ արտադրվում է ռուսական ռեսուրսների միջոցով: Այս տեսակետից կարելի է նաև այդ թիվն ընդունել, բայց պետք է հաշվի առնենք, թե ինչ է նշանակում ներդրում: Դա մի գումար է, որ գալիս է Հայաստան հիմնականում արդյունաբերությունը զարգացնելու համար, և ամենաշոշափելի չափանիշներից մեկն այն է, թե ինչքան աշխատատեղ է ստեղծել այդ ներդրումը: Եթե փորձենք հաշվարկել ընդունված մեթոդներով, կստացվի, որ միայն Ռուսաստանը Հայաստանում պետք է ստեղծեր 100 հազար աշխատատեղ այդ 2.8 մլրդ-ով: Իրականում ՌԴ շնորհիվ ՀՀ-ում անգամ 1 աշխատատեղ չի ստեղծվել: Այդ հիմնարկները եղել են նաև նախկինում, պարզապես ինչ-որ աշխարհաքաղաքական պատճառներից մի գույքը մի սեփականատիրոջից դարձել է մյուսի սեփականությունը: Հակառակը՝ մարդկանց աշխատանքից հեռացրել են: Այսինքն` այս տեսակետից չեմ կարծում, որ Ռուսաստանը, որ բոլոր հաշվարկներով համարվում է ՀՀ թիվ 1 ներդրողը, ինչ-որ բան փոխել է Հայաստանի բիզնես միջավայրում: Դեռ հակառակը՝ ավելի վատացրել է. գաղտնիք չէ, որ ամենավատ մենեջերը համարվում է պետությունը, իսկ ՌԴ-ից հիմնական մուտքը ՀՀ գալիս է պետական հիմնարկների միջոցով. սեփականությունը դառնում է կամ Ռուսաստանի պետության սեփականությունը, կամ բաժնետիրական հիմնարկների, որտեղ մեծ բաժին ունի պետությունը:
Եվրոպական ներդրողների քանակը Հայաստանում գնալով նվազում է: Մի քանի պատճառներ կան: Կա ընդհանուր օբյեկտիվ պատճառ՝ աշխարհում տնտեսական իրավիճակը, բայց դա չէի կապի սրա հետ, քանի որ կան երկրներ, որ այս ընթացքում զգալի չափով ավելացրել են արտաքին ներդրողների քանակը: Այսինքն` Հայաստանում այսօր քաղաքական, տնտեսական, սոցիալական միջավայրը բարենպաստ չէ հատկապես զարգացած երկրներից ներդրողների ներգրավելու համար:
– Կառավարությունն ավելի ու ավելի շատ է խոսում ու շեշտում, որ պետք է բարելավել Doing business և այլ վարկանիշային ցուցանիշները: 2011-ին ձեռնարկություն գրանցելու և այլ չափանիշներով ՀՀ-ն Doing business-ում առաջընթաց էր գրանցել, սակայն ներդրումների պաշտպանվածության մասով հետընթաց կար: Կառավարությունը դա բացատրեց նրանով, որ ոչ թե մեզ մոտ է վիճակը վատացել, այլ մյուս երկրները բարելավել են դիրքը, և ՀՀ հետընթացը մեխանիկորեն է: Ինչքանո՞վ են մեզ մոտ ներդրումները պաշտպանված:
– Կառավարությունը կարող է արդարանալ, բացատրել, բայց եկեք արդյունքով նայենք. փաստ է, որ ոչ միայն դեպի ՀՀ հոսքն է ավելանում կամ պակասում, այլ Հայաստանից դուրս եկող ֆինանսական հոսքն է ավելանում: Այստեղ մտորելու տեղ կա: Դրանում կան նաև քաղաքական պատճառներ: Զարմանալի է, որ նույնիսկ քաղաքական էլիտայում գտնվող բիզնեսմեններն իրենց գումարը նախընտրում են Հայաստանից դուրս հանել՝ սկսած մոտ գտնվող Վրաստանից, վերջացրած ԱՄՆ-ով:
– Այսինքն` վստա՞հ չեն վաղվա օրվա վրա:
– Կարելի է իրենց հարցնել, թե ինչո՞ւ եք արտահանում գումարը, բայց դրանից առաջ պետք է հարցնել, թե որտեղի՞ց այդ գումարը ձեզ, որովհետև ոչ բոլորն են բիզնեսմեններ, շատերն այս կամ այն պաշտոնյայի բարեկամն են: Զուտ տնտեսական առումով կան վայրեր, որտեղ փողից փող աշխատելը ավելի բարենպաստ է:
– Շատ մասնագետներ նշում են, որ սփյուռքահայերին պետք է ներգրավել տնտեսական գործընթացներում: Անցած տարի հիմնվեց ՀԱՑ՝ «Հայկական առևտրային ցանց», շեշտվեց, որ սփյուռքի ամբողջ կարողությունը միլիարդների է հասնում և այլն, և հայրենիքում պետք է ավելացնել ներդրումների ծավալները: Դրանից հետո լռություն է: Ի՞նչն է խնդիրն, ըստ Ձեզ, ինչո՞ւ սփյուռքահայերը բիզնես չեն սկսում ՀՀ-ում:
– Բիզնեսի տեսակետից սփյուռքահայերի դերը չեմ ուզում թերագնահատել կամ գերագնահատել, բայց էթնիկական մասը բիզնեսում պետք է երկրորդական լինի: Եթե մենք խոսում ենք բարեգործության մասին, դա այլ է: ՀՀ անկախության առաջին փուլում ժողովրդի գոյատևման համար սփյուռքը մեծ դեր է ունեցել, բայց գնալով նույն սփյուռքահայերը տեսնում են, թե Հայաստանում ինչ է կատարվում: Օդանավակայանից մինչև Երևանի հրապարակ շենքերի ու մեքենաների ճոխությունը իրենց հուշում է, որ ՀՀ-ում գումարը բավարար է, բայց չի օգտագործվում նպատակի համար, և բարեգործության տեսակետից Հայաստանն այլևս չեն դիտարկում մի երկիր, որտեղ 100 դոլարով կարելի է կյանք փրկել:
Շատ կարևոր է, թե ինչ տնտեսական մոդել ունի այս կամ այն երկիրը: Օրինակ ասում ենք Ճապոնիա՝ դա տեխնիկան է, Գերմանիա՝ մեքենաները: Հայաստանի տնտեսական մոդելը մի բառով չի կարելի ներկայացնել: Տնտեսական չափանիշներով գնահատելիս Հայաստանը իռացիոնալ համակարգ է, որ չպետք է գոյատևեր, եթե դրսից եկած գումարները՝ տրանսֆերտները, չլինեին: Ի հեճուկս կառավարության աշխատանքի, ունենք տարբեր հաշվարկներով ՀՀ բյուջեին համաչափ տրանսֆերտներ, որ մտնում են շուկա: Դրանցից օգտվում են քաղաքացիները, պետությունը և բանկերը: Չեմ կարծում, որ սփյուռքահայ բիզնեսմեններն այս համակարգում տեղ ունեն: Անկախ հայ է, թե ոչ` պետք է շահ ստանա, գոնե իր երկրում ստացածի համապատասխան: Եվրոպայում շահույթը շատ չէ, բայց ջանքերը՝ այդ գումարը վաստակելու և նյարդային համակարգը խնայելու՝ չես համեմատի Հայաստանի հետ:
– ՀՀԿ տնտեսական ներուժը մշակել և հրապարակել է արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարություն: Նախնական 3 ուղղություն է առանձնացվել, իսկ ապագայում 11 ուղղություն պետք է առաջնահերթ համարվի ու ծրագրեր մշակեն արտահանման համար: Ասում եք՝ Ճապոնիան հայտնի է տեխնիկայով, Գերմանիան՝ մեքենաներով: Ձեր կարծիքով՝ Հայաստանը ո՞րը պետք է առաջնահերթություն ընդունի և ինչքանո՞վ է ճիշտ այսպես մասնատել ուժերը:
– Մոտ 5 տարի առաջ ես և մի քանի այլ բիզնեսմեններ ահազանգում էինք ՀՀ արտահանման խնդիրների մասին: Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսեց զարգանալ մի բիզնես, որի հիմքում դրված էին ազգային արժույթի և տարադրամի խաղերը: Նույնիսկ այն ժամանակ կառավարությունը հպարտանում էր, որ դրամը արժևորվում է: Իրականում դա իրոք արհեստական էր, և մարդիկ շահույթ էին ստանում տրանսֆերտներից, ներդրողներին հնարավորություն էին ընձեռում գերշահույթ ստանալ, բայց դրանով սկսեց խեղճանալ, հետագայում մարեց արտահանման հնարավորությունը: Հայաստանից ինչ-որ բան արտադրելը դարձել է անշահավետ, որովհետև դրամը արհեստական ձևով շատ թանկ էր: Այն ժամանակ թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ ադամանդագործությունը, թե՛ արդյունաբերությունը, թե՛ մետաղագործությունը սկսել էին զարգանալ, բայց դրամի արժևորումը խանգարեց: Այսօր այդ խնդիրը շարունակում է արդիական մնալ, նաև կոռուպցիան ու հովանավորչությունը կան, և արտահանումը դարձել է մի քանի հոգու մենաշնորհը, իսկ եթե չկա ազատ շուկա, ապա հնարավոր չէ խոսել արտահանման մասին, որովհետև ի վերջո ներսում պետք են լավ պայմաններ ինչ-որ մի բան արտադրելու, հետո նոր՝ արտահանելու համար: Կառավարությունը կարող է մի քիչ խաղալ արտահանման հարկերի և տուրքերի հետ, և փոքր չափով պայմաններ ստեղծել, բայց հիմնական գլոբալ հարցի՝ ազատ շուկայական տնտեսություն ստեղծելու հարցում կառավարության որևէ քայլ չեմ տեսնում:
– Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են: Ի՞նչ ազդեցություն կունենան դրանք տնտեսական կյանքի վրա, ի՞նչ ռիսկեր կան:
– Եթե չանդրադառնանք քաղաքականությանը, ի՞նչ է նշանակում ընտրություններ ՀՀ դեպքում: Դա, իհարկե, մեծ ադմինիստրատիվ ռեսուրսներ են, կեղծիքներ, լցոնումներ, բայց նաև գնալով շատ ավելի մեծ դեր են սկսում ունենալ ֆինանսական միջոցները: Դա կապված է և՛ ծանր սոցիալական իրավիճակի, և՛ ճգնաժամի, և՛ գործազրկության հետ, նաև այն հանգամանքի հետ, որ իշխանությունը կարողանում է համատեղել ադմինիստրատիվ ու տեղական մարմիների ռեսուրսը ֆինանսների հետ: Եթե նայենք տնտեսական տեսանկյունով, ապա իշխանությունը պետք է թույլ տա, որ իշխանությանը մոտ կանգնած գործարարները կարողանան այս ընթացքում գումարներ կուտակել, ինչն օգտագործվելու է ընտրությունների ժամանակ: Դա նշանակում է, որ մենաշնորհային դիրքը պետք է ավելի ուժեղանա, այդ մարդկանց հնարավորություն կտրվի մի քիչ խուսափել հարկային բեռից: Ընդ որում` այդ գումարները ընտրությունից ընտրություն ավելի մեծանում են, որովհետև թե՛ պայմանները, թե՛ «մրցակցությունը», թե՛ նաև ընտրողների պահանջարկը ավելանում են: Սա մինչև ընտրությունները, իսկ ընտրություններից հետո այն բիզնեսմենները, որ մեծ գումարներ են ծախսել, կգնան նախագահի մոտ, կասեն՝ այսքան «ներդրում» ենք արել, պետք է հնարավորություն տաք, որ վերականգնենք մեր ծախսած գումարները: Սա փակ շղթա է: Այս տեսակետից ընտրությունները Հայաստանում շատ բացասական դեր են կատարում ընդհանուր տնտեսության կամ ազատ շուկայական հարաբերությունների զարգացման համար:











































