ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները ուրբաթ ներկայացրել են Սիրիայի դեմ բանաձևի նոր նախագիծ, իսկ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը դարձյալ հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում այդ երկրում թույլ չտալ բռնություն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, չնայած տեքստի նոր տարբերակին, Գերմանիան դեմ է հանդես եկել դրան՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում արևմտյան տերությունների բոլոր պահանջներին:
Ռուսաստանը դեկտեմբերի 15-ին արդեն ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացրել էր բանաձևի նախագիծ: Դրանում նշվում էր, որ անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում: Փաստաթղթում ոչ մի հիշատակություն չի եղել Սիրիայի դեմ պատժամիջոցների մասին: Այն հակամարտության բոլոր կողմերին կոչ էր անում «անհապաղ դադարեցնել ցանկացած բռնություն» և հետաքննել հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերը:
Արևմուտքի մի շարք երկրներ պնդում էին, որ բանաձևի որոշ դրույթներ անընդունելի են, քանի որ դրանցում իշխանությունների կողմից ճնշումները հավասարեցվում են ընդդիմության գործողությունների հետ: Բացի այդ, նրանք պահանջում էին էմբարգո դնել Սիրիայի կառավարությանը զենքի վաճառքի վրա:
Սիրիայում արդեն 9 ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն զոհվել է շուրջ 5000 մարդ:






































