Սերժ Սարգսյանը երեկ դժգոհել է դատաիրավական բարեփոխումների ընթացքից: Իսկ ումից է նա ընդհանրապես դրա համար դժգոհ: Ո՞վ է մեղավոր, որ այդ ընթացքը դանդաղ է և արդյունքը ոչ գոհացուցիչ: Օրինակ` այդ բարեփոխումների, այսպես ասած, առաջամարտիկներից մեկին` Դավիթ Հարությունյանին, Սերժ Սարգսյանը պարգևատրում է պետությանը մատուցած ծառայությունների համար: Եվ ուրեմն, ուր են այդ ծառայությունները, եթե հիմա էլ Սարգսյանը դժգոհում է բարեփոխումների ընթացքից:
Սերժ Սարգսյանի դժգոհությունն իրականում անհասցե է, նա բողոքում է համակարգից, սակայն իրականում այդ բողոքի, այսպես ասած, դե յուրե հասցեատերերին նա դե ֆակտո աջակցում և խրախուսում է ամեն կերպ, տարբեր առիթներով: Ո՞վ է այսքան ժամանակ վայելել Սարգսյանի անբարյացակամությունը՝ Գորիկ Հակոբյա՞նը, Աղվան Հովսեփյա՞նը, Հրայր Թովմասյա՞նը, թե՞ մեկ ուրիշը: Ակնհայտ է, որ իսկապես խառնաշփոթ է՝ Սերժ Սարգսյանը ոչ մեկից անձնապես դժգոհ չէ, բայց դժգոհ է բոլորի աշխատանքների արդյունքից: Այդպես չի լինում, կամ ավելի ճիշտ, Հայաստանում, իհարկե, այդպես է լինում, սակայն հենց այդպես է, որ ոչ մի բարեփոխում էլ չի լինում:
Հայաստանում իսկական խառնաշփոթ է և այդ, և մնացյալ բոլոր ոլորտներում հենց նման պարադոքսների պատճառով: Իսկ գլխավոր մոտիվն այն է, որ երկրում չկա փոփոխությունների քաղաքական կամք: Կամքի առկայության պայմաններում ընդամենը մի քանի շաբաթը բավական է երկրում շեշտակի փոփոխություններ իրականացնելու համար: Բավական է ընդամենը խստագույնս հետևել դատական համակարգի անկախությանը, որ մնացյալ բոլոր համակարգերը ինքնըստինքյան գան իրենց տեղը, այսինքն` գան այն որակի և հունի մեջ, որը պահանջում է պետության և հասարակության շահը: Այսինքն` պետք չէ հեծանիվներ հայտնագործել, պետք է ընդամենը ամեն ջանք ուղղել արդար և անկախ, օրինական դատական համակարգ ձևավորելուն: Դրանով արդեն մնացյալ ամեն ինչ կձևավորվի անմիջապես: Չի հասկանո՞ւմ արդյոք սա իշխանությունը: Իհարկե հասկանում է, և հասկանալով էլ խուսափում է այդ ամենից, որովհետև դա նաև նշանակելու է հենց իր վերջը՝ անկախ դատական համակարգը կլինի այդ իշխանության վերջը: Մյուս բոլոր համակարգերում բարեփոխումները կարող են այդքան վնասակար և վտանգավոր չլինել, իսկ ահա դատական համակարգի թելը որ մի պահ բաց թողնեն, հետո արդեն այն բռնել պարզապես չի լինելու:
Սա է իրավիճակը, և սա է խնդիրը: Մնացածը ընդամենը ժամանակ սպանելու տարբերակներ են, ինչպես ծույլ աշակերտն է կանգնում գրատախտակի մոտ և փորձում հնարավորինս ամեն ինչ մի քանի անգամ գցել գետին և վերցնել, միայն թե ժամանակն անցնի ու զանգը տա, որովհետև նա գիտի, որ խնդիր կա լուծելու ու գիտի, որ ինքը չի լուծելու այդ խնդիրը: