Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպել է Վրաստանի նախկին վարչապետ, այժմ` «Հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելիի հետ, ով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Պոկլոննայա լեռան վրա հուշահամալիրի բացման արարողությանը, որը կանգնեցվել է Քութայիսում Վրաստանի իշխանությունների որոշմամբ ապամոնտաժված «Փառքի հուշարձանի» փոխարեն, հայտնում է РИА НОВОСТИ-ն:
Հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին մոռացության մատնելու քաղաքականությունը և հակառուսաստանյան տրամադրությունները, որ կան հետխորհրդային մի շարք երկրներում, ի չիք կդառնան: «Ես համոզված եմ, որ ողջամտության և իրենց երկրների հասարակայնության ճնշման ներքո այդ միտումը ի չիք կդառնա»,-նշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա «Փառքի հուշարձանի» նմանօրինակի բացմանը մասնակցելու նպատակով Մոսկվա են հրավիրվել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն և հանրապետության նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին: