«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ եղել են Մոզրովի քարանձավում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց այցի կազմակերպիչ, բնապահպան Գոռ Հովհաննիսյանը:
Մտահոգված լինելով Հայաստանի առանձնահատուկ քարանձավների անհետացման խնդրով` դեկտեմբերի 20-ին «Թռչկանի զավակները» այցելեցին Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավ` մուտքը չափագրելու և մոնիտորինգ իրականացնելու համար: Բնապահպան ակտիվիստները մուտքի մոտ նոր եկած ձյան վրա հետքեր են նկատել, ինչը նշանակում է, որ այնտեղ անկոչ հյուրեր են եղել, կային նաև դատարկ շշեր: Քարանձավներին բնորոշ շիթաքարերից ու կաթիլաքարերից միայն ստվերն է մնացել:
«Թռչկան» նախաձեռնության անդամները պատրաստվում են փակել քարանձավի մուտքը` խոնավությունը պահպանելու, զբոսաշրջիկների մուտքը համաձայն օրենքի սահմանափակելու, քարանձավը դրսի փոշուց առանձնացնելու և քարանձավի ներսում կաթոցները վերականգնելու նպատակով: Քարանձավի փլվածքը, որը նաև մուտք է հանդիսանում, բավականին մեծ է, հետևաբար ծախսերը՝ զգալի: Նրանք մտադիր են վերականգնել նաև «Արջերի» քարանձավի մուտքին կից գտնվող քանդված անցքը, որը նույնպես ժամանակին ծառայել է որպես գաղտնի հետնամուտք:
Գոռ Հովհաննիսյանը նախկինում նշել էր, որ պետք է քարանձավի մուտքերի համար վերահսկողություն սահմանել դրանց պահպանության համար:











































