Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նրա գործընկեր Նիկոլայ Ազարովի՝ գազի մատակարարման շուրջ գիշերային բանակցությունները անարդյունք են ավարտվել: Համաձայնությունը, որի մասին պետք է այսօր հայտարարեին երկրների նախագահները, հետաձգվում է անորոշ ժամանակով:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Մոսկվայում Ազարովի և Պուտինի միջև գազային համաձայնագրի վերանայման շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև գիշերվա ժամը 3-ը: Այնուամենայնիվ, կողմերին հաջողվել է համաձայնեցնել մեկ պայման. բանակցություններում առաջընթացի բացակայությունը չի ազդի Եվրոպա գազի մատակարարման վրա:
«Մենք պատրաստ ենք փնտրել նաև փոխզիջումային լուծումներ, բայց առաջին հերթին՝ փոխշահավետ, որպեսզի դա շահավետ լինի ձեզ համար, բայց շահավետ լինի նաև մեզ համար,- հայտարարել է Ազարովը հանդիպումից հետո:- Ուստի ես հույս ունեմ, որ այսօրվա զրույցը խթան կհանդիսանա վերջնական որոշում փնտրելու համար»:
Ենթադրվում էր, որ հաջորդ տարի Ուկրաինա ռուսական գազի մատակարարման պայմանների շուրջ վերջնական որոշումն այսօր պետք է ընդունեն նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Վիկտոր Յանուկովիչը:









































