Հյուսիսային Կորեայի փախստականները դեկտեմբերի 21-ին Հարավային Կորեայի տարածքից փուչիկների միջոցով թռուցիկներ են տարածել՝ հյուիսկորեացիներին կոչ անելով հեղափոխություն սկսել:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ընդհանուր առմամբ, ակտիվիստները բաց են թողել 200 հազար թռուցիկ, որոնցում կոչ են անում «ապստամբել» և «աֆրիկացիների նման» պայքարել Հյուսիսային Կորեայի մահացած առաջնորդի ժառանգ Կիմ Չեն Ունի դեմ: Միևնույն ժամանակ, հյուսիսկորեական հեռուստաալիքները ցուցադրում են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են միլիոնավոր մարդիկ սգում առաջնորդի մահը:
Գործակալությունը նշում է, որ այսպես կոչված «արաբական գարնան» սկզբից ակտիվացել է Հյուսիսային Կորեայի փախստակաների գործունեությունը: Հարավային Կորեայի տարածքից թռուցիկների բացթողնմանը ի պատասխան՝ Հյուսիսը մշտապես սպառնում է կրակ բացել սահմանի վրա:
Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ դեկտեմբերի 20-ին Սեուլը պաշտոնական ցավակցություն է հայտնել Փխենյանին, սակայն թաղման արարողությանը մասնակցելու համար պաշտոնական պատվիրակություն չի ուղարկվել:
Հյուսիսկորեական հեռուստաալիքների տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին սրտի կաթվածից: Երկրում հայտարարվել է 10-օրյա սուգ: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:









































