Հանգստյան օրերին մի շարք բնապահպաններ և ակտիվիստներ, ծանոթ լինելով Քաջարան գյուղում ստեղծված խնդրին, այցելել էին Քաջարան և հարակից գյուղեր` խնդրին տեղում ծանոթանալու համար:
Այցի երկրորդ օրը բնապահպանները հանդիպել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և գյուղացիների հետ:
Տեսանյութում Սյունիքի մարզպետը, վիճելով բնապահպանների հետ, վստահեցնում է, թե գյուղացիներին ոչ ոք չի կարող ասել` «ձեր աչքի վրա ունք կա», և խորհուրդ է տալիս «չբզբզել մեղվի փեթակը»:
Այնուհետև հայտարարում է, որ 30 տարի առաջ Քաջարանի գյուղացիները պայմանագիր ենք կնքել, դրա համար ստացել են փող, որ թողնեն ու գնան գյուղից։ Առաջարկում է անգամ, որ մարդիկ տեղափոխեն գյուղի գերեզմանները: Գյուղացիներն էլ պնդում են, թե չեն թողնելու, որ այնտեղ հանք բացեն:
Տեսանյութը դիտելիս երևում է, թե ինչպես է, վիճելով բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ, Ս. Խաչատրյանը զայրացած հարցում` ինչո՞ւ է վերջինս ուզում իր փոխարեն անել իր գործը: «Այ ճպուռ, քիչ խոսա»,- բնապահպանին խորհուրդ է տալիս Սյունիքի մարզպետը:
Մանրամասները` կից երկումասանոց տեսանյութերում:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 11-ին կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքի մի շարք համայնքների, այդ թվում՝ Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին:
Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչին դեմ են քաջարանցիները:











































