Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը ս.թ. հոկտեմբերի 25-ին` նախագահությամբ Թաթուլ Պողոսյանի, միանգամից 4 զինվորականի դատավճիռ կարդաց. Արթուր Այվազյանին մեղավոր ճանաչեց իշխանազանցության (քր. օրի 375-րդ հոդվածի 1-ին մաս) և մարտական հերթապահության կանոնները խախտելու (365-րդ հոդվածի 1-ին մաս) և դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Վահան Հովհաննիսյանին դատարանը մեղավոր ճանաչեց քր.օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը` նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում) նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակեց կալանք 2 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չպետք է կիրառվի, և սահմանեց փորձաշրջան 1 տարի ժամկետով: Կարեն Դիմաքսյանը մեղավոր ճանաչվեց մարտական հերթապահության կանոնները խախտելու համար և դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նրա դեպքում ևս խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, փոխարինվել է կալանավորումով: Չորրորդ ամբաստանյալը` Արման Թադևոսյանը մեղավոր ճանաչվեց կրկին մարտական հերթապահության կանոնները խախտելու համար և դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման:
Եվ այսպես, նախաքննության մարմինը պարզել է, որ Հայաստանի արևելյան զորամասերից մեկի «Ավտոբուս» և «Տոնածառ» հենակետերում այս տարվա գարնանը ինչ-որ բան այն չէ. «Ավտոբուս» հենակետի ավագի օգնական, ավագ սերժանտ Արթուր Այվազյանը, նույնանուն հենակետում այս տարվա մայիսի 17-ին կամ 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, հենակետի գետնատնակում անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, շարքային Ռաֆայել Հ. Օհանյանի նկատմամբ թույլ է տվել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ ոչ մի պաշտոնյա. իր գերակայությունն ընդգծելու համար` դիտորդի պարտականություններին չտիրապետելու և ինքնաձիգը մաքուր չպահելու պատճառաբանությամբ 2-3 անգամ ձեռքերով Այվազյանը հարվածել է շարքային Ռաֆայել Օհանյանի դեմքին:
Վերջինիս նկատմամբ բռնությունը Այվազյանը շարունակել է նաև օրեր անց` մայիսի լույս 22-ի գիշերը` ժամը 00.30-ի սահմաններում: Երկրորդ անգամ ծեծելու պատրվակը սուտ խոսելն է եղել, և երկրորդ անգամ Այվազյանը ենթակային ծեծելու համար օգտագործել է ոչ միայն ձեռքերը, այլ նաև ոտքերը և այդ ամենը հայհոյախառն արտահայտությունների ուղեկցությամբ: Եվ հասկանալով, թե ինչի կարող են հանգեցնել իր գործողությունները` մինչ այդ արդեն անօգտագործելի է դարձրել Ռաֆայել Օհանյանին ամրակցված ինքնաձիգը: Երկրորդ ծեծի ժամանակ Այվազյանին «օգնել է» շարքային Վահան Հովհաննիսյանը. մայիսի 13-27-ը նա ևս ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ` սուտ ասելու պատճառով ոտքերով և ձեռքերով հարվածել է շարքային Ռահայել Օհանյանի մարմնի տարբեր մասերին:
Կարեն Դիմաքսյանը եղել է վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, վերը նշված ժամանակահատվածում զորամասի հրամանատարի հրամանով եղել է «Ավտոբուսի»` հենակետի ավագ: Այսինքն` պատասխանատու լինելով մարտական խնդրի կատարման համար, խախտել է ՀՀ ՊՆ հրամանով հաստատված «ՀՀ պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման մասին» կանոնադրության պահանջները. նա չպետք է անձնակազմին այնպիսի հրամաններ տար, որոնք կարող էին նրանց շեղել մարտական հերթապահության պարտականությունների կատարումից և հանգեցնեին մարտական առաջադրանքի խափանմանը:
Բայց Կ. Դիմաքսյանն իր օգնական Արթուր Այվազյանի հետ քննությամբ չպարզված օրը հենակետ է տարել ալկոհոլային խմիչքներ և մայիսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում խնջույք սարքել «Տոնածառում», խմիչք օգտագործել վերակարգի անդամների հետ` թուլացնելով նրանց զգոնությունը: Հենց նույն օրն էլ, խնջույքի և ալկոհոլի ազդեցության տակ Կարեն Դիմաքսյանը դիտորդների հերթափոխի` արդեն կազմված գրաֆիկում ինքնագլուխ փոփոխություններ է կատարել. շարքայիններ Ռաֆայել Օհանյանին և Արթուր Պողոսյանին հերթափոխ չի կատարել, և նրանք 2 ժամ ավելի են հերթապահել «Ավտոբուսում»: Դիմաքսյանն այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Բացի դա, որպես դիրքի ավագ` Դիմաքսյանն անհրաժեշտ վերահսկողություն չի իրականացրել հենակետում գտնվող զենք-զինամթերքի պահպանության նկատմամբ, ինչի հետևանքով մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում ավագ սերժանտ Արթուր Այվազյանն օգտվել է առիթից և հանել է շարքային Ռաֆայել Օհանյանի ինքնաձիգի հարվածիչը, որի արդյունքում վերակարգը դարձել է անմարտունակ: Այլ կերպ ասած` հենակետի զինվորը մարտական հերթապահությունն առանց զենքի է կատարել, քանի որ վտանգի առկայության դեպքում ինքնաձիգից կրակելն անհնար կլիներ:
Այվազյանը դա արել է ծեծված, նվաստացած զինվորի հնարավոր ինքնավնասումը կանխելու համար, քանի որ Վահանի հետ Ռաֆիկին գետնատնակում ծեծել էին: Եվ այդ բռնությունը տեսնելով` ավագ լեյտենանտ Դիմաքսյանն այն պատշաճ կարգով չի կանխել և վերադաս հրամանատարությանը չի զեկուցել: Միայն մի թեթև նկատողություն է արել Այվազյանին: Դիմաքսյանը մայիսի 21-ին, ժամը 19.00-ին բացակայել է «Ավտոբուսից» և մինչև մայիսի 22-ի ժամը 02.00-ի սահմանները ավագ սերժանտ Արման Թադևոսյանի հետ մնացել «Տոնածառում»` հարևան հենակետում` առանց հսկողության թողնելով իր «Ավտոբուսը»: Այսինքն` դիրքի ավագ Կարեն Դիմաքսյանն իր արարքներով խոչընդոտներ է ստեղծել` Հայաստանի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու, հետևաբար նաև Հայաստանի անվտանգությանը վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել Արման Թադևոսյանի հետ միասին:
Դատարանը արագացված կարգով դատաքննություն է արել, քանի որ ամբաստանյալներն ընդունել են մեղքը և արագացված կարգով քննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրել: Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել այն, որ ամբաստանյալ Վահան Հովհաննիսյանն առաջին անգամ կատարել է ոչ մեծ ծանրության հանցագործություն, զղջացել է դրա համար, բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել, սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսում, հեռակա ուսուցմամբ, զորացրվել է 29.06.2011թ.: Տուժողը ամբաստանյալների դեմ բողոք կամ քաղհայցի պահանջ չի ներկայացրել:
Արթուր Այվազյանի մասով. դատարանը գտել է, որ նա առաջին անգամ է կատարել միջին ծանրության դիտավորյալ հանցագործություններ, բնութագրվում է դրական, խնամքի տակ է գտնվում չորս անձ` մեկ անչափահաս երեխա, մինչև 3 տարեկան երեխային խնամող կինը, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ, կենասաթոշակառու ծնողները: Կարեն Դիմաքսյանի մասով. նա կատարել է միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն, զղջացել է, բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել, խնամքի տակ է գտնվում հղի կինը: Արման Թադևոսյանը ևս առաջին անգամ է կատարել միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն, զղջացել է, բնութագրվում է դրական, նախկինում դատված չի եղել:
Վերաքննիչ բողոք է բերել Կարեն Դիմաքսյանի պաշտպանը և խնդրել բեկանել առաջին ատյանի դատավճիռը 365-ի մասով (որով դատարանը 1 տարվա ազատազրկում է նախատեսել)` Կարեն Դիմաքսյանի մասով կարճել գործի վարույթը կամ փոփոխել այն` պատիժը մեղմացնել և կիրառելով ՀՀ քր.օր. 70 հոդվածը` ազատել պատիժը կրելուց:
«Ժամանակ»








































