1851թ. այս օրը ծնվեց արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը։ Ծնվել է Սամսոն նավահանգստում:
Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։
Հայկական ջարդերի տարիներին Կոստանդնուպոլսից մեկնել է արտասահման։ Սակայն արտասահմանում էլ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում հրատարակում էր հայերեն լրագրեր, գրում հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։
Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։