«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ երեկոյան Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում յուրօրինակ հավաք է եղել: Թերթը տեղեկացել է, որ Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները և պարզապես հրազդանցիները (մի քանի հարյուր հոգի) հավաքվել ու քննարկել են փետրվարի 25-ին կայանալիք քաղաքապետի ընտրության հարցը:
Ներկաները ցանկություն են հայտնել սեփական թեկնածու առաջադրել այդ ընտրություններում, և քննարկվել են չորս թեկնածուների տարբերակները. ՀՀՇ` Հրազդանի կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի, Հրազդանի Ջրառատ թաղամասից Սասուն Ստեփանյանի, Հրազդանի ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանի և ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանի թեկնածությունները:
Ծավալված բավականին լուրջ քննարկումների արդյունքում ներկաները եկել են համոզման, որ հենց Սասուն Միքայելյանը պետք է առաջադրի իր թեկնածությունը: Միքայելյանն էլ 3 օր ժամանակ է խնդրել քաղաքացիներից` մտածելու և հասարակությանը տեղյակ պահելու համար:
«Այնպես որ, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն իսկապես հետաքրքիր ընթացք կունենան, քանի որ բոլորին է ակնհայտ, որ Սասուն Միքայելյանն այդ տարածաշրջանում մրցակից չունի` անկախ նրանից, թե ով ում կսատարի»,- հավելում է թերթը:







































