Դեկտեմբերի 19-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին հանձնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիր: Ըստ Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության` այն վկայում է «Աշխարհի հիշողության» միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայության գրանցման մասին:
Այդ մեծածավալ դիտողական աշխատանքը կատարվել է 1965-1980 թթ. Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից և աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունն է՝ ծածկելով հյուսիսային երկնքի մեծ մասը: Այն իր բնույթով եզակի է և նաև ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրն է, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ): Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005 թթ. (Digitized First Byurakan Survey, DFBS) և ներկայումս նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է, ընդ որում այդ աշխատանքը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր:
Արդյունքում ներկայումս թե 2000 լուսանկարչական թիթեղների վրա, և թե թվային տեսքով պահպանվել են 20 միլիոն երկնային մարմինների սպեկտրալ տվյալները:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թ.` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր, որն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում` մոտ 100 երկրից: Հայաստանից այդ ծրագրում դեռևս 1997 թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:









































