Երեկ ենթասպա Արմեն Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով: Այն սահմանում է պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը, պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածության կամ խմբակային շահերից ելնելով: Այս հոդվածով մեղադրվողները ազատազրկվում են 2-5 տարի ժամկետով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Նարեկ Ավետիսյանի հայրը՝ Անդրանիկ Ավետիսյանը:
Դեկտեմբերի 14-ին` ժ. 07:20-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը, իր հանձնարարությունից հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, ապա ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին: Վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով: Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:
Այժմ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում են Նարեկը, նրա ծնողներն ու հարազատները: Նրանք այսօր են տեղեկացել, որ Արմեն Թովմասյանը հնարավոր է ազատազրկվի 2-5 տարի ժամկետով, սակայն խիստ դեմ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անդրանիկ Ավետիսյանը նշեց, որ համաձայն չէ և պետք է բողոքարկի: Այդպիսի հանցանքի համար հնարավո՞ր է 2 տարի ազատազրկել: Ինչպե՞ս կարելի է մարդու աչքը հանել և երկու տարով բավարարվել»,- նման տեսակետ հայտնեց Ա. Ավետիսյանը`հավելելով, որ վաղվանից զբաղվելու է փաստաբանի փնտրտուքով:
Այն հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել միջադեպը, պատասխանեց, որ ենթասպան և Նարեկը նույնիսկ ծանոթ չեն եղել նախկինում: «Իրար ճանաչել են դեպքից մեկ կամ երկու ժամ առաջ: Չեն ունեցել հին կոնֆլիկտներ իրար հետ: Երկու ժամվա ծանոթներ են եղել: Արմենն ասել է, որ տաքացուցիչը բերի, Նարեկն էլ պատասխանել է, որ չի անի, հագել է ծառայողական բաճկոնը, այդ պահին ետևի կողմից շղթայով հարվածել է ենթասպան, խփել ուղիղ աչքին»,- ցավով հիշեց Նարեկի պատմածները հայրը`հավելելով, որ դրա հետևանով աչքն այժմ չկա, այն ամբողջովին հեռացված է:









































