«Եվրոպական հանձնաժողովի կրթական ծրագիրը չի ենթադրում ուղեղների ահտահոսք»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Էրազմուս մունդուս» կրթական ծրագրի համակարգող Կառլոս Մաչադոն՝ ավելացնելով. «Ծրագրի հիմնական նպատակը ԵՄ և Հարավային Կովկասի երկրների համալսարանների միջև համագործակցություն ստեղծելն է: Ուղեղների արտահոսքի հետ կապված մտահոգություն չկա, քանի որ ուսանողները ուսման ավարտից հետո վերադառնում են իրենց հայրենիք»:
ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ այսօր համալսարանի որդեգրած քաղաքականությունը կրթության միջազգայնացումն է, ինչպես նաև որակի համապատասխանեցումը եվրոպական կրթական չափանիշներին. «Համալսարանը ակտիվորեն մասնակցում է մի շարք կրթական ծրագրերի, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական հանձնաժողովի կողմից»:
Պարոն Մաչադոն նշեց, որ արդեն հինգերորդ տարին է՝ այս ծրագիրը Հայաստանում գործում է, և ԵՊՀ-ն այս տարիների ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել դրանում:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդը պարտադիր պետք է ունենա հայաստանյան որևէ բուհի մագիստրատուրայի կամ բակալավրիատի դիպլոմ։ Ծրագրին, սակայն, չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին հինգ տարվա ընթացքում 12 ամիս անցկացրել են ԵՄ երկրներում:
Մարկարովի խոսքերով՝ համալսարանն այժմ ունի շուրջ 190 միջազգային պայմանագիր, 300 ուսանողական և 150 դասխոսական գործուղում:
Հիմնական երկրները, որտեղ ուսանողները գնում են սովորելու, Գերմանիան է`շուրջ 40 գործուղում, ապա Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:
Ի դեպ, նշենք նաև, որ ուսման ողջ ծախսերը հոգում է ծրագիրը, ինչպես նաև ուսանողները ստանում են ամսական կրթաթոշակ:








































