Լրագրող Անուշ Մկրտչյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտարությամբ հանդես եկավ` մեղադրելով կաթնամթերք արտադրող մի քանի ընկերությունների` արտադրանքում սխալ բաղադրանյութ, այն է` կոկոսի յուղ օգտագործելու մեջ: Նրանցից երկուսը` «Աշտարակ կաթն» ու «Անի կաթը», արդեն իսկ հերքել են այդ լուրը և չի բացառվում, որ երրորդ ընկերությունն էլ` «Դուստր Մարիաննա», միանա: Իսկ ո՞ւմ հավատա սպառողը:
Հիմա շատերը մտածում են` այս ի՞նչ խաղ են խաղում բիզնեսմեններն ու ՏՄՊՊՀ-ն սպառողներիս գլխին: Ինչո՞ւ հենց նոր տարուց առաջ հանձնաժողովը որոշեց այսպիսի հայտարարություն անել: Գուցե մրցակից ֆիրմաների պատվե՞րն են կատարում: Իսկ ինչո՞ւ չեք մտում մսամթերքի մութ ու վախենալու աշխարհը` բացահայտելու, որ նրբերշիկը մսեղենի տեսակ չի: Հաստատ էլի հարցեր կառաջանան, չի բացառվում, որ բանը հասնի նաև քաղաքական վերլուծության:
Անկախ այս պատմության հետագա ընթացքից, ինձ մի բան ուրախացնում է. ի վերջո ՏՄՊՊՀ սկսեց աշխատել ու մեծ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է նույն համարձակությամբ թակելու Моя Семья արտադրության ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի դուռը: Հուսով եմ` ճանապարհին չի մոլորվի:










































