Սիրիայում բանակային շարքերից փախուստի ժամանակ սպանվել է ավելի քան 60 զինծառայող: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապաշտպաններին:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ մարզում: Նշվում է, որ 60-70 զինվորականներ փորձել են լքել զինված ուժերի շարքերը, սակայն նրանց վրա կրակ են բացել ավտոմատ զենքից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի իշանությունները ստորագրել են Արաբական երկրների լիգայի առաջարկած արձանագրությունը և թույլատրել նրանց դիտորդներին մտնել երկիր: Վերջիններս պետք է համոզվեն, որ Դամասկոսն իրոք փորձում է խաղաղ ճանապարհով հաղթահարել ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը:
Արձանագրության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները պետք է դուրս բերեն զորքերը քաղաքներից, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսեն ընդդիմության հետ:
Սիրիայում իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է 2011 թ. մարտի կեսերից: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, Սիրիայում զոհվել է շուրջ 5000 մարդ:









































