Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ), որը միավորում է երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդների մի մասին, հայտարարել է, որ հնարավոր է՝ աջակցի օտարերկրյա միջամտության գաղափարին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ՍԱԽ ղեկավար Բուրհան Գալյունը հայտարարել է, որ եթե կառավարական ուժերի դաժան գործողությունները շարունակվեն, ընդդիմությունը կդիմի արաբական երկրներին՝ խնդրելով օգնություն տրամադրել խաղաղ ցուցարարների պաշտպանության համար: Ընդ որում, Գալյունն ընդգծել է, որ խոսքը Սիրիայի որոշ շրջաններում սահմանափակ չափով ուժի գործադրման մասին է:
Գործակալությունը նշում է, որ այս հայտարարությունը վկայում է Սիրիայի ընդդիմության մարտավարության փոփոխության մասին: Ավելի վաղ ՍԱԽ ներկայացուցիչները պահանջում էին միայն Ասադի վարչակարգի միջազգային մեկուսացում և հայտարարում էին, որ այն կտապալեն ժողովրդական ցույցերի միջոցով:
Գալյունը նաև կարծիք է հայտնել, որ Ասադի համաձայնությունը՝ երկիր թողնել Արաբական երկրների լիգայի դիտորդներին, ծուղակ է, որի նպատակն է ժամանակ շահել և թույլ չտալ ՄԱԿ-ի ԱԽ-ին կոշտ միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց, որում քննադատեց Սիրիայի իշխանությունների գործողությունները: Կազմակերպությունում Սիրիայի ներկայացուցիչն իր հերթին բանաձևն անվանել է «սատանայական դավադրություն» իր երկրի դեմ:
Սիիրիայում Բաշար Ալ-Ասադի կառավարական զորքերի և ընդդիմության միջև պայքարը շարունակվում է 2011 թ. մարտի կեսերից: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է 5000 մարդ:








































