ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «ՀԺ»-ի հետ զրույցում օրերս մեկնաբանել է իրեն պատկանող «Արմա» հյուրանոցային համալիրի փակվելու դրդապատճառը։
–Պարոն նախարար, ձեզ պատկանող «Արմա»–ն փակել են, ո՞րն է պատճառը։
–Չենք ուզում այլևս աշխատեցնել։
–Եկամտաբե՞ր չէր։
–Ժամանակ չունենք, ավելի լավ է բժշկությամբ զբաղվենք։
–Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում այն պաշտոնյաներին կամ քաղաքական գործիչներին, որոնք բիզնես ունեն։ Օրինակ՝ նույն Սամվել Ալեքսանյանը..
–Այ մարդ, ինձ այսպիսի հարցեր մի տվեք։ Իմ մասին հարցրեք։
–Ձեր վերաբերմունքը։
–Ես բիզնես ունեմ, իմ մասին հարցրեք։ Ուզում եմ ասել՝ միայն Սամվելը չէ, որ բիզնես ունի։
–Լավ, մոռանանք Ալեքսանյանին։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը համատեղում է, նույնիսկ եթե տաղանդավոր կերպով է դա անում։
–Եթե ճիշտ է համատեղում, այո։
–Այսինքն՝ դրանում քննադատության արժանի որևէ բան չե՞ք տեսնում։
–Ճիշտն ասած, եթե ինքն իր պաշտոնական դիրքը չի օգտագործում իր բիզնեսի համար, նորմալ եմ համարում։
–Իսկ հնարավո՞ր չի օգտագործել։
–Հնարավոր է։ Շատ մարդկանց ճանաչում եմ, որոնք բարեխիղճ են ու իրոք չեն օգտվում այդ առիթից, որ մի բան իրենց համար ավելացնեն։ Հակառակը, այնպես են անում, որ ամեն ինչ ճիշտ ուղով գնա։ Իհարկե, շատ ավելի լավ է, որ բիզնեսմենը բիզնեսով զբաղվի, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ, երևի դա ավելի նպատակային ու ճիշտ գործողություն կլինի։ Բայց դեպքեր կան, որ համատեղում, են ու հաջող է ստացվում, դեպք էլ կա, որ անհաջող է ստացվում։
–Իսկ դուք երբևէ օգտագործե՞լ եք ձեր դիրքը։
–Ես՝ ոչ։
-Պարոն նախարար, տարիներ շարունակ շեշտվում է ձեր գործարար լինելու հանգամանքը։ «Արմա»–ն փակելը այդ խոսակցությունները փոքր–ինչ մեղմելու նպատա՞կ ունի։
–Չէ, «Արմա»–ն ինձ համար ընդունելության տուն է եղել ավելի շատ, ոչ թե ռեստորան։ Ընդհանրապես հիմա մենք փակել ենք «Արմա»–ն։ Կարող է մի օր գա, բացենք։ Մարդ կա՝ իր տունը փակում է, 3 ամիս հետո է բացում։ «Արմա»–ն ժամանակին է լավ աշխատել որպես համալիր։ Հետո մենք արդեն այնքան զբաղված ենք՝ ես էլ, կինս էլ, որ բացարձակապես ո’չ ցանկություն ունենք, ո’չ էլ նպատակ՝ այդ բիզնեսով զբաղվելու։ Ճիշտն ասած, ավելի նպատակահարմար ենք գտնում միայն բժշկությամբ զբաղվելը։ Դա է մեր իսկականը։










































