Facebook ընկերության և դրա հիմնադիր Մարկ Ցուկենբերգի դեմ կարող է դատական հայց ներկայացվել ցանկացած օգտագործողի կողմից` կայքի ամենահայտնի Like կոճակի պատճառով:
Ներկայումս կայքն օգտագործողների հավանած յուրաքանչյուր ապրանքանիշ կարող են տեսնել նաև նրանց ընկերները: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի օրենքով կարող է անօրինական համարվել մարդկանց «հավանությունը» կոմերցիոն նպատակներով օգտագործելը:
Կայքն օգտագործողները մեղադրել են ընկերությանը` հայտնելով, որ իրենք «տնտեսական վնաս են կրում»՝ կայքի Like կոճակի գովազդային նպատակներով օգտագործվելու պատճառով:
Mail Online-ը գրում է, որ նորամուծությունը, ըստ որի՝ այս կոճակը կարող է օգտագործվել որևէ արտադրանք կամ ապրանքանիշ «հավանելու» համար, ներկայացվել է ընկերության կողմից հունվարին: Բայց ԱՄՆ դատավոր Լույսի Կոհն ասում է, որ կայքն օգտագործողները պետք է որևէ շահույթ ունենան այս ամենից, քանի որ նրանց Like-ն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով:
Չնայած դատալսումները դեռևս տեղի չեն ունեցել, բայց Կոհն ասել է, որ կայքն օգտագործողների նման պահանջը պետական օրենսդրության համար նոր խնդիրներ է առաջացնում, որոնց համար դեռևս որևէ հստակ լուծում չկա:






































